Ադրբեջանը չի ստորագրել Արևելյան գործընկերության հռչակագիրը, քանի որ այն չի գոհացրել Բաքվին

Ադրբեջանը չի ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված հռչակագրի տեքստը։ Ինչպես հայտարարել է Բրյուսելում մամուլի ասուլիսին այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, Ադրբեջանին չի գոհացնում այդ տեքստը։

Այն, ըստ ԱԳ նախարարի, չի արտացոլում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկիի Եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի Կանոնադրությունում։

Մամեդյարովը չի մանրամասնել, թե որ սկզբունքների մասին է խոսքը, սակայն ավելի վաղ Բաքուն ակնարկել էր, որ չի ստորագրի փաստաթուղթը, եթե դրանում չխոսվի մասնակից երկրների տարածքային ամբողջականության մասին։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, Բրյուսելում ակնկալվում էր Արևելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ ընդհանուր հռչակագիր ընդունել, սակայն դրա համար անհրաժեշտ էր բոլոր երկրների համաձայնությունը։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ հռչակագիրը չի ստորագրվել Ադրբեջանի կողմից արգելափակման պատճառով։

Մեկնաբանել