245 հազար դոլար և մեծ բնակարան Հովիկ Աբրահամյանի ընտանիքից՝ 13-ամյա պատանուն

Վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Իմպերիում պլազա» ընկերության շուրջ։ «Իմպերիում պլազա»-ն Երևանի Ամիրյան 4/7 հասցեում գտնվող բիզնես կենտրոն է, որը գրասենյակային տարածքներ է հատկացնում տարբեր ընկերությունների։ Նույն շենքում է գտնվում նաև Աբրահամյաններին պատկանող National հյուրանոցը։

Այս շենքի սեփականատերը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանն էր, որի մահից հետո շենքն անցավ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2018-ի մայիսին Մելիք Գասպարյանի 13-ամյա որդու՝ Ալեքս Գասպարյանի անունից օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյանը դիմել է դատարան՝ պահանջելով «Իմպերիում գրուպ» ՍՊԸ-ից և Գագիկ Պողոսյանից (Գագիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանի ազգականն է, բիզնես գործընկերն ու Արտաշատի նախկին փոխքաղաքապետը -ՍիվիլՆեթ) ընկերության բաժնետոմսերի օտարման գործընթացն անվավեր ճանաչելու և բաժնետոմսերի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու համար։

Նոյեմբերին, սակայն, դատարանը կարճել է գործի վարույթը, քանի որ կողմերը հաշտության են հասել։ Ստորագրված հաշտության համաձայնագրով «Իմպերիում գրուպ»-ը սեփականության իրավունքով, անհատույց Ամիրյան 4/2 շենքի վերգետնյա 11-րդ հարկում 13-ամյա Մելիք Գասպարյանին է հանձնել 200 քառակուսի մետր մակերեսով առանձին բնակարան։ Բացի այդ՝ հաշտության համաձայնագրով պատասխանող կողմը՝ հանձինս «Իմպերիում գրուպ»-ի և Գագիկ Պողոսյանի, պարտավորվել է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 245 հազար դոլար վճարել հայցվորին՝ Ալեքս Գասպարյանին։

Հայցվորն իր հերթին պարտավորվել է հրաժարվել դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից, ինչպես նաև հրաժարվել վեճի առարկայի նկատմամբ հետագայում որևէ պահանջ ներկայացնելուց։

Հայցվորի փաստաբան Արամազդ Կիվիրյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասաց՝ իրեն չեն լիազորել այս գործի վերաբերյալ մանրամասներ հայտնել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել