ՄԻԵԴ-ի վճռով Հայաստանը պարտավոր է իր քաղաքացուն վճարել շուրջ 140 000 եվրո

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչել է Հյուսիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված ևս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։

«Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է և դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից և այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին և պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական և ոչ նյութական վնասի մասին գործընթացները։

Մինչև երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն և դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչև վերահսկողական եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաև՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ “երկնիշ տնտեսական աճ”-ի գեղանկարչության, “օտարերկրյա ներդրումների” վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ “ձեռքբերումների” համար։

Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140 000 եվրո գումար՝ պատճառված վնասի և ծախսերի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին և իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ»։

Մեկնաբանել