2008-ին զինծառայողներին արված «հատկացումները ապօրինի չէին»․ Քոչարյանի պաշտպաններ

2008-ի արտակարգ դրության մեջ ներգրավված զինծառայողներին գումարներ բաժանվել են։ Այսօր լրագրողներին հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ այդ «հատկացումները ապօրինի չեն եղել»։

Զինծառայողներին գումարներ բաժանելու մասին դատարանում մայիսի 16-ին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքը ներկայացնելիս։ Նա տեղեկացրեց, որ մասնավոր անձանց կողմից շուրջ 120 մլն դրամի վարձատրություն է փոխանցվել որոշ զինծառայողների։ 2018-ի սեպտեմբերին էլ ԱԱԾ տնօրենի հետ ասուլիսի ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ 2008-ի փետրվարի 23-ին արձակված «0038» հրամանից հետո «բանակի զինվորներին վարձկան են սարքել»։ «Ամենախայտառակ բանը, որ արել են՝ մեր բանակի զինվորներին նախկին պաշտոնյաների կողմից վարձկան սարքելն է։ Քրեական գործով դա հիմնավորվել է»,- նշել էր Խաչատրյանը։

Այս առնչությամբ Հովհաննես Խուդոյանը նշեց. «Այդ գումարները այսպես ասած չեն բաժանվել նախապես՝ ինչ-որ բանի դիմաց, դրանք բաժանվել են հետագայում՝ արտակարգ դրության ժամանակ ծառայության մեջ ներգրավված զինծառայողներին, և եթե դա էլ ներկայացվում է՝ որպես շատ բացասական երևույթ, թող բացատրություն տրվի, թե օրենքի ինչ պահանջի է դա հակասում և արդյոք դա հանցագործություն է, թե՝ ոչ։ Արդյոք մասնավոր միջոցներից զինծառայողին վարձրատրություն տալը համարվում է հանցագործություն, թե՝ ոչ, եթե՝ ոչ, խնդրում ենք չշահարկել այս հարցը»։

Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը ասաց, որ փորձ է կատարվում փոխել մոտեցումները. «Սասուն Խաչատրյանը, երբ որ դրա մասին ասում էր, ցույց էր տալիս պաշտպանության նախարարության տեղեկագիր, այսինքն՝ եթե ուզում ես մի բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթ չես կազմում և այն չես արխիվացնում։ Այդ գումարներն էլ բաժանվել են պաշտպանության նախարարության կողմից։ Ինքը լավ է հնչում՝ մասնավոր անձանցից գումար են բաժանել, այդ գումարը չի լինում ՊՆ-ի գումարի ստացման տեղեկագրում, մեկը մյուսին բացառում է»,- շեշտեց Օրբելյանը։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել