Նախագահն ու վարչապետը շնորհավորել են Զելենսկիին Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Հայաստանի վարչապետ և նախագահ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղեձներ են հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ավանդական բարեկամության վրա խարսխված հայ-ուկրաինական կապերը շարունակաբար զարգացել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Միաժամանակ պետք է նշեմ, որ երկուստեք հարաբերություններում առկա զգալի ներուժն իրացված չէ:

Հայաստանը պատրաստակամ է խորացնել և ընդլայնել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ համագործակցությունը կարող ենք բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր ժողովուրդների ու երկրների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու հրավերս: Մաղթում եմ նորանոր հաջողություններ Ձեր երազանքի Ուկրաինան կերտելու գործում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասված է վարչապետի ուղերձում։

«Համոզված եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-ուկրաինական հարաբերությունները հնարավոր է բարձրացնել նոր մակարդակի՝ ի նպաստ մեր երկրների ու ժողովուրդների»,- ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նա նորընտիր նախագահ Զելենսկիին մաղթել է հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է նախագահի ուղերձում։

Կարդացե՛ք՝

Ուկրաինա․ ընտրություններ, հեղափոխություն, զուգահեռներ Հայաստանի հետ

Մեկնաբանել