Դատավորը կասեցրել է Մարտի 1-ի գործը ու ուղարկել ՍԴ

Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցվել է ու ուղարկվել Սահմանադրական դատարան։ Նման տեղեկություն քիչ առաջ ՍիվիլՆեթին տրամադրեց Մարտի 1-ի անջատված գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է այսօր։

«Ինձ զանգահարեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից և ասացին, որ նման որոշում է կայացվել։

Դատարանը որոշել է գործի վարույթը կասեցնել ու ուղարկել ՍԴ 300.1 հոդվածի հետ (Սահմանադրական կարգը տապալելու – Գ.Թ.) կապված սահմանադրականության հարցը որոշելու հետ»,- նշեց նա։

Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենք նիստերին չեն մասնակցել, սակայն տեղյակ են, որ նման միջնորդությամբ հանդես է եկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը. «Ես հարցրի ու ինձ ասացին, որ դատարանը նման որոշում է միանձնյա կայացրել, ոչ դատական նիստով»։

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Նա ևս մեղադրվում է կաշառք ստանալու համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել