Բացի vetting-ից անհրաժեշտ է դատական բարեփոխումների ռազմավարություն․ Արմեն Մազմանյան

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատաիրավական համակարգում փոփոխությունների մասին ծավալուն հայտարարությամբ՝ նշելով, որ այդ ոլորտում անհրաժեշտ է «վիրահատական միջամտություն»։ Փաշինյանի ներկայացրած հինգ կետերից մեկը վերաբերում էր դատավորներին vetting-ի ենթարկելուն։ Ի՞նչ է vetting-ը, ո՞ր երկրներում է կիրառվել, ինչպե՞ս բարեփոխել Հայաստանի դատական համակարգը՝ այս հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը զրուցել է իրավագիտության դոկտոր, Կենտրանական եվրոպայի համալսարանի այցելու դասախոս Արմեն Մազմանյանի հետ։

«Իհարկե, որպես երևույթ նոր է, և ես կառաջարկեմ համարժեք հայերեն տերմին օգտագործել։ Իրականում vetting բառը ասոցացվում է մաքրազտման, համակարգի մաքրման հետ, և խոսքը գնում է մի վերաթեստավորման պրոցեդուրայի, պրոցեսի մասին, որի ընթացքում, տվյալ դեպքում դատական համակարգում տեղի կունենան դատավորների լիազորությունների վերահաստատմանն ուղղված թեստավորման կամ վերաթեստավորման համապատասխան գործընթացներ, որ ուղղված կլինեն անբարեխիղճ դատավորներից համակարգը ազատելուն։

Օրինակները ավելին են, քան միայն Ալբանիայինը․ սկսած հատկապես Լատինական Ամերիկայում հետդիկտատորական այդ պրոցեսներից, Արգենտինայից՝ 1983-ից սկսած, կարծես թե Չիլիում, Սալվադորում, մի շարք այլ երկրներում է կիրառվել։ Դասական օրինակներից է նաև Հարավային Աֆրիկան։ Կան նաև մի շարք այլ օրինակներ, բայց դրանք միանման չեն և տարբեր երկրներում, տարբեր մոդելներ և կառուցակարգեր են հայտնաբերվել»,- նշեց Մազմանյանը։

«Ես ոչինչ չեմ կարող հիմա առաջարկել, նախ և առաջ քաղաքական գնահատական պիտի տրվի և շատ լուրջ քաղաքական վերլուծության պիտի ենթարկել ընդհանրապես այս գործիքի կիրառումը։ Ես հակված եմ մտածել, որ սա, որոշակի մոդելի կիրառման դեպքում բավականին լուրջ արդյունքներ կբերի։ Նաև հակված չեմ չափազանցնել այն բարիքը, որ մենք կստանանք սրանից։ Եկեք նախ և առաջ հասկանանք, որ մեզ բացի vetting-ից անհրաժեշտ է այս համակարգում՝ արդարադատության ոորտում, ընդհանրապես բարեփոխումների ռազմավարություն մշակել։

Պետք է ոչ միայն անձանց մասին մտածել, այլ պետք է բարեփոխել այն ամբողջ մթնոլորտը, որը ծնում է այդպիսի դատավորներ։ Այստեղ ֆունդամենտալ հարցեր կան և միայն մարդկանց փոխելով` հարց չի լուծվի։ Պետք չէ մատուցել այս գործիքը, որպես գլխացավի դեղի պես մի բան։ Սա պետք է ուղեկցվի շատ բազմակողմանի և շատ լուրջ ռեֆորմներով»։

Իրավագիտության դոկտոր Մազմանյանի համոզմամբ՝ պետք է հիմքեր դրվեն, որպեսզի համակարգը չվերարտադրի անբարեվարք և անբարեխիղճ դատավորներ։

Իմիջիայլոց Vetting գործիքը կարող է կիրառվել թե՛ դատական համակարգում, թե՛ հանրային իշխանության այլ ոլորտներում։

«Նախ և առաջ Ազգային ժողովում պետք է համապատասխան օրենք ընդունվի և շատ կարևոր է ճշգրիտ և մանրակրկիտ ձևով սահմանել այն չափանիշները, որոնց համաձայն այդ թեստավորումը տեղի կունենա։ Այստեղ մի շարք ականներ և վտանգներ կարող են լինել, բայց վարժված և պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ դրանք հնարավոր է լուծել։ Այնուամենայնիվ շատ կաևոր է այնպիսի չափանիշներ հրամցվեն, որոնց պայմաններում մենք կբացառենք վհուկների որսը»,- նկատեց Մազմանյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել