Բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն․ Եվրամիությունը՝ դատական համակարգի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն: Արմենպրեսի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք հնարավորություն չենք ունեցել Հայաստանի կառավարության, Արդարադատության նախարարի կամ այլ մարդկանց հետ մանրամասն քննարկել հարցը: Համենայնդեպս, քաղաքականապես որպես հայտարարություն, կարծում եմ, այն ինչ վարչապետը նշել է, մեզ համար շատ պարզ է: Այն շատ աներկբա և շատ ամուր հանձնառություն է՝ արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այսօր aրդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: Ինչպես գիտեք, Եվրամիությունը սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այսպես կոչված ալբանական մոդելը, և այսօր այդ վեթթինգի մոդելն աջակցություն է ստանում Եվրամիության կողմից: Սա հայկական կողմի համար հաշվի առնելու հնարավորություն է»,- նշել է Սվիտալսկին։

ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում բարեփոխումները կենսական նշանակություն ունեն ապագայի տեսանկյունից: «Կարող եմ ասել, որ խորը և համապարփակ բարեփոխումներն արդարադատության ոլորտում էական նշանակություն ունեն ձեր ապագայի համար մի շարք պատճառներով, բայց առաջին պատճառն այն է, որ հայ ժողովուրդը չի վստահում դատարաններին: Անցյալ տարիներին Եվրամիությունը ֆինանսապես աջակցել է անկախ ուսումնասիրությունների անցկացմանը, որոնք փաստել են, որ չափազանց շատ հայեր չեն վստահում դատարաններին»,-ասել է դեսպանը։