Երևանի ավագանին որոշեց՝ Լուսավորիչը սուրբ է, Մաշտոցն ու Խորենացին՝ ոչ

Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կդառնա Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, Մաշտոցի պողոտայի ու Խորենացու փողոցի անվանումները կմնան նույնը։

Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստին ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ներկայացրեց երեք նախագիծ՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի անվան փողոցները և Մաշտոցի պողոտան անվանափոխելու վերաբերյալ։ Վարդանյանն առաջարկում էր փողոցների անունները համալրել «սուրբ» բառով։

Իր ելույթում Թեհմինա Վարդանյանը նշեց, որ Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին որպես քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, և այդ համատեքստում տրամաբանական է Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված հայ մեծերի անվան փողոցները ճշգրտել՝ ավելացնելով «սուրբ» բառը։

Մովսես Խորենացու անվան փողոցը Սուրբ Մովսես Խորենացու անվան չդարձավ․ ավագանու 49 ներկա անդամներից կողմ էին միայն 13-ը։ Մաշտոցի անվան նույնպես մնաց անփոփոխ՝ կողմ էր միայն ավագանու 16 անդամ։ Իսկ Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի․ նախագիծը ստացավ 30 կողմ ձայն։ Նախագիծը ներկայացրած Թեհմինա Վարդանյանը շեշտեց, որ փողոցի անվանափոխության համար բյուջեից հավելյալ ներդրումների կարիք չի լինելու։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել