Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը․ Աննա Հակոբյան

Դրական մթնոլորտ է տիրում Սփյուռքում, ինչի համար շատ ուրախ եմ․ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած իր այցին։

Ամփոփելով ԱՄՆ-ում անցկացրած հանդիպումների արդյունքները՝ «Իմ քայը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց, որ հավաքագրել են ավելի քան մեկ միլիոն դոլլար, որի կեսը կստանան միայն այն դեպքում, եթե վեց ամսվա ընթացքում «հավուր պատշաճի» իրականացնեն իրենց ծրագրերը։

Հանդիպման ընթացքում խոսվեց նաև «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին։ Հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանի խոսքով՝ հիմնադրամը աջակցել է և շարունակում է աջակցել ավելի քան 150 երեխայի և երիտասարդի, այժմ էլ շարունակում են հերթագրել նրանց, ովքեր համապատասխանում են պահանջներին, այսինքն՝ ունեն քաղցկեղ կամ արյան հիվանդություն և ում տարիքային շեմը չի անցնում 25 տարին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Աննա Հակոբյանը խոսեց Ալմաթիում Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի ժամանակ ադրբեջանցի լրագրողի՝ իրեն ուղղված հարցի մասին՝ նշելով, որ այն սադրանք չի համարում․ «Նորմալ հարց էր և նորմալ չէր լինի, եթե ադրբեջանցի լրագրողի տեսադաշտում հասանելի գտնվի Հայաստանի վարչապետի կինը, ով նման նախաձեռնություն ունի ու նա հարց չուղղեր ինձ դրա մասին: Որևէ սադրանք չի եղել, ես էլ այդ հարցը սադրանք չընդունեցի, հարց էր, որին պետք էր պատասխանել: Ադրբեջանի ժողովուրդը նույնպես հետաքրքրված է: Հանրությունը նույնպես իրավունք ունի իմանալ՝ մենք ինչ ենք մտածում, ինչպես մենք կուզենայինք իմանալ՝ իրենք ինչ են մտածում»։

Վերջին շրջանում քննարկվող այն հարցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին տեղափոխվել է Հայաստան՝ այստեղ անցկացնելու իր ծառայությունը, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ որդին այստեղ է իր ծառայակից ընկերների հետ՝ մասնակցելու վերապատրասման և որ նորից մեկնելու է Արցախ՝ շարունակելու ծառայությունը։

Լրագրողի այն դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք տիկնայք ամուսիների հետ չէին մեկնում պաշտոնական հանդիպումների, Աննա Հակոբյանը արձագանքեց՝ նշելով, որ այդ ամենը չի արվում պետբյուջեի հաշվին, և որ մյուսներն էլ են ունեցել այդ հնարավորությունը։

Աննա Հակոբյանը խոսեց նաև «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության և շրջանառվող այն խոսակցությունների մասին, թե «ներքին լարվածություն կա հայաստանցի և արցախցի ժողովուրդների միջև», ինչի հետևանքով նախաձեռնությունը անհաջողությամբ կարող է պսակվել։ Վարչապետի տիկինն այս առումով վտանգ չի տեսնում․ «Նույնիսկ եթե մեր հիշողությունը լարենք, ապա կտեսնենք, որ վերջին 20 տարվա ընթացքում պարբերաբար ինչ-որ անհատի նկատմամբ վերաբերմունքի պատճառով փորձ է արվել ընհանրացնել այդ վերաբերմունքը, սեպ խրելու գործընթացներ սկսել, բայց դա երբևէ հաջողություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ»։

Հարցադրմանը, թե իր համար գումարի ծագումը նշանակություն ունի՞, այսինքն չի բացառվում, որ, օրինակ այդ գումարները պետբյուջեից գողացված միջոցներ են, նա պատասխանեց. «Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցվում են և ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին։ Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ, երբ որ գումարը մեզ հասավ, կապ չունի՝ ինչ ձևով էր հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միևնույն է ծառայեցնելու ենք ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»։

Վարչապետի տիկնոջ խոսքով՝ երկու հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել