Դատավոր Դավիթ Գրիգորյանը Վերաքննիչ կուղարկի Ռոբերտ Քոչարյանի գործի նյութերը

Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցրած և այն Սահմանադրական դատարան ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ քրեական դատարան ուղարկելու նպատակով։ Այս տեղեկությունը հաստատեցին դատավորի կազմից։

Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու դատարանի որոշումը բողոքարկել էր դատախազությունն ու Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը։

Վերաքննիչ քրեական դատարանից փոխանցեցին, որ բողոքները դատարան են մուտքագրվել մայիսի 22-ին, իսկ հաջորդ օրը դատարանը պահանջագիր է ներկայացրել առաջին ատյան, որ Մարտի 1-ի անջատված գործն ուղարկի։ Դատարանի աշխատակազմից հաղորդեցին, որ դեռևս Դավիթ Գրիգորյանի կազմից գործը չեն ստացել, ստանալուց հետո միայն կորոշվի՝ այն ընդունվում է վերաքննիչի վարույթ, թե՝ ոչ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում պարզաբանեց, որ սա ընդամենը տեխնիկական գործընթաց է, և չի հաստատում այն հանգամանքը, որ ՍԴ-ն վարույթ չի ընդունել գործը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին կալանքից ազատեց Ռոբերտ Քոչարյանին՝ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության հիման վրա։ Մայիսի 20-ին դատավորը որոշեց Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցնել ու ուղարկել Սահմանադրական դատարան։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել