Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից առաջադրվեց երկու թեկնածու՝ ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը և ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը:

Գեղամ Գևորգյանն իր ելույթում ասաց, որ ցավալի է, որ իր անունը վերջին շրջանում կապվել է քաղաքական իրադարձությունների, հեղափոխության կամ հակահեղափոխության հետ. «Ես տարիներ շարունակ աշխատել և ծառայել եմ գիտությանն ու կրթությանը: Ես չեմ ամաչում այն կադրերից, որ հիմա շրջանառվում են համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես եմ համալսարանում դիմավորել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Արայիկ Հարությունյանին: Ինձ համար ցավալի է, որ դրանց մասին դատողություն են անում այն մարդիկ, որոնք, այդ երկու դռների հետևում նստած, դողում էին և չգիտեին՝ ինչ անեին»:

Ամիսներ առաջ Գևորգյանին աշխատանքից ազատել էր ԵՊՀ արդեն նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Լրագրողների հետ զրույցում Գևորգյանն ասաց, որ ինքը «ոչ հեղափոխական է, ոչ էլ՝ հակահեղափոխական»։

Նիստի օրակարգում երկու հարց էր՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը:

Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:

Մեկնաբանել