Միջնորդները կողմերին կոչ են արել ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 27-30 տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են ընդունել։

Այցի նպատակն էր, ըստ հաղորդագրության, գնահատել շփման գծում և պետական սահմանին ներկա իրավիճակը, ինչպես նաև շարունակել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև մարտի 29-ին Վիեննայում, այնուհետ ԱԳ նախարարների միջև ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած քննարկումները։

Կողմերի խնդրանքով համանախագահները ներկայացրել են կոնկրետ առաջարկներ կարգավորման գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ մարդասիրական և անվտանգային միջոցառումների հետ կապված։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ընդունել են համանախագահների առաջարկը՝ մոտ ապագայում հանդիպել Մինսկի խմբի հովանու ներքո։

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների առնչությամբ և կոչ արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ հետագա լարվածությունից խուսափելու համար։

Մեկնաբանել