«Հուզական և հակասական»․ Բաքվի արձագանքը՝ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ արտաքին գերատեսչության հայտարարությանը՝ շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ հակամարտության գոտում իրավիճակի «լարվածության հիմնական պատճառը և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շարունակվող բռնազավթումն է»։

«Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ի հուզական և նույնքան հակասական հայտարարությունը արտացոլում է հայկական ղեկավարության արձագանքը սեփական երկրում ներքին իրավիճակին»,- ասված է հայտարարությունում։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «հայկական կողմը պետք է ընդունի, որ մարդկային կորուստների, աղետների ու փոխադարձ անհամաձայնությունների պատճառը Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն է և տարածքների բռնազավթումը»։

***

Հունիսի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է իրավիճակի սրման ուղղությամբ վերջին օրերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված «միտումնավոր քայլերը», որոնց թվում է հունիսի 1-ին ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Սիփան Սերժիկի Մելքոնյանի սպանությունը։

Անցյալ շաբաթ հերթական այցով տարածաշրջանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, որոնք մայիսի 27-30 այցի արդյունքներով հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով կողմերին ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»։

Մեկնաբանել