Վահագն Հարությունյանը չի կալանավորվի

Հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումից։

Պողոսյանը մասնավորապես գրել է. «Վարչապետի կոչից հետո Հայաստանում սկսում է ձևավորվել դեռ անհատ անկախ դատավորների համայնք, ինչն իր հերթին բերելու է մեծամասամբ անկախ դատական համակարգի կայացմանը.

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։

Հիշեցնեմ, որ նույն դատարանի չագուչով ու պատմուճանով և իրեն դատավոր պատկերացնող Արտուշ Գաբրիելյանը նույն միջնորդությունը, նույն հիմքերով, կեղծիքների միջոցով առանց պաշտպանի ներկայության դեռևս 30.12.2018թ-ին բավարարել էր..

Հ.Գ. Քիչ անց ՀՔԾ-ում N1 է լինելու, կալանավորման վերացական նոր հիմք է հորինվելու ու կրկին են փորձելու…»։

Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի քրեական գործով։ Հատուկ քննչական ծառայության տվյալներով՝ այդ գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հարությունյանի նախաձեռնությամբ 2008թ․ մարտյան իրադարձությունների ժամանակ զինծառայողների կրակած շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով։

Գևորգ Թոսունյան