ԱԺ-ն ընդունեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» աղմկահարույց օրենքը քվեարկության դրվեց և ընդունվեց 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը նախորդ նիստերի ժամանակ բողոքում էր այս օրենքի դեմ, նույնպես կողմ քվեարկեց օրինագծին:

ՀՀ Ազգային ժողովի դիմաց մի խումբ կառուցապատողներ պահանջում էին կողմ չքվեարկել Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին օրենքի նախագծին: Բողոքի ակցիայի մասնակիցներն առաջարկում էին հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԼՀԿ-ն առաջարկում էր չընդունել նախագիծն ու նախաձեռնել քննարկումներ։

Մեկնաբանել