Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հարցազրույց է տվել Tert.am–ին։ Նրան հարցեր են ուղղվել դատավորների վեթինգի, դատարանների մուտքերի արգելափակման ակցիայի, երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին։
«Միջազգային փորձագետները պնդում են, իսկ միջազգային փորձը վկայում է, որ վեթինգը ծայրահեղ միջոց է, ու այն կարող է կիրառվել, երբ մնացած գործիքակազմերն ի զորու չեն այլևս առկա խնդիրները լուծելու: Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու: Կարծում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով»,- ասել է Թովմասյանը։
«Եթե օրվա քաղաքական իշխանության նպատակը դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելն է կամ ժողովրդահաճո քայլեր կատարելը, ապա վստահեցնում եմ` երկարաժամկետ ապագայում դա փակուղային ու հետընթացի ճանապարհ է»,- նշել է ՍԴ նախագահը։
Դատարանների դռները փակելու մասին հարցին ի պատասխան Հրայր Թովմասյանն ասել է․ «Ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, ուղղակի կասեմ, որ դատարանների դռները փակել չի կարելի, անթույլատրելի է, և որ դա ինձ համար նման էր վատ երազի. հուսով եմ, որ այն այլևս երբեք չի կրկնվի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։