Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցով գործը Վազգեն Ռշտունին չի քննի

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր ինքնաբացարկ հայտնեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։ Նրա վարույթում գտնվում էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը։ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էր մեղադրող կողմը։

Վազգեն Ռշտունին սկզբում ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ իր որոշման եզրափակիչ մասը, այնուհետև, արձանագրելով, որ դատարանում լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան, պարզաբանեց իր որոշման հիմքերը։

Մասնավորապես նա ասաց, որ հաշվի է առել այն հանգամանքը, որ դատավարության մի կողմը, տվյալ դեպքում՝ մեղադրողները, վստահություն չունեն իր հանդեպ։ Այնուհետև հիշեցրեց, որ նախորդ ամիս մամուլում տեղեկություն էր տարածվել, թե Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը «գրել են» երեք դատավորներ, այդ թվում՝ ինքը։

«Մեզ հետ կապված հանգամանքը պետք է պարզվեն համապատասխան իրավասու մարմիններում՝ արդյոք մենք մասնակցություն ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կայացված դատական ակտը գրելու գործընթացին։ Տվյալ հանգամանքը պետք է հաստատվի կամ հերքվի, դա էլ հաշվի առնելով և այս բոլոր հանգամանքների համակցության մեջ դատարան ընդունեց ինքնաբացարկի որոշումը»,- եզրափակեց դատավորը։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ է, մայիսի 18-ին ազատ արձակվեց։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը օրեր անց կասեցրեց այս գործի վարույթն ու ուղարկեց Սահմանադրական դատարան, որից հետո նրա գործողությունների վերաբերյալ բողոք ներկայացրեցին մեղադրողները և մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ 9 զոհվածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել