Օտարերկրացիների մուտքը ՀՀ երրորդ պետությունների, այդ թվում՝ ՌԴ-ի պահանջով չի արգելվում․ ԱԱԾ

Ուկրաինայի քաղաքացի, պատգամավոր Մուստաֆա Նայեմը ՀՀ-ում անցանկալի համարվող օտարերկրացիների ցանկ ներառվել է ոչ թե երորրդ երկրի պահանջով, այլ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ։ ՍիվիլՆեթի հարցմանը ի պատասխան՝ նշում է ԱԱԾ-ի մամուլի ծառայությունը։

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը ֆեյսբուքյան իր էջում մայիսի 1-ին գրել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մուտք գործել ՀՀ: Նա հավելել էր, որ «որոշ ժամանակ անց միգրացիոն ծառայության երկու աշխատակից են մոտեցել և քաղաքավարի բացատրել են, որ արգելքը ոչ թե Հայաստանի, այլ երրորդ երկրի պահանջով է դրված»:

Ըստ պատասխանի՝ Մուստաֆա Նայեմը անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների ցուցակում ընդգրկվել է 2015-ին։ ԱԱԾ-ից նշում են, որ օտարերկրացիների մուտքը ՀՀ տարածք օտարերկրյա պետությունների պահանջով չի արգելվում, այդ թվում՝ ՌԴ-ի։

«Որևէ իրավական կարգավորում, գործնականում կիրառվող համաձայնագիր կամ այլ փաստաթուղթ, որով ՌԴ-ն կամ այլ պետություն կարող է արգելել օտարերկրացիների մուտքը ՀՀ, գոյություն չունի»,- նշված է ԱԱԾ-ի պատասխանի մեջ։

ՀՀ անցանկալի համարվող օտարերկրացների տվյալների բանկում ներկայում մուտքագրված են մոտ 10 000 օտարերկրացիների տվյալներ։ Այդ բանկում կա Ուկրաինայի 19 քաղաքացու տվյալ։  

Անի Գրիգորյան