«Աննախադեպ ամենաթողություն»․ Միհրան Պողոսյանը Ռուսաստանում տնային կալանքի տակ է

ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա համար տնային կալանք է սահմանվել, հայտնում է ռուսաստանյան stolicaonego.ru կայքը։

Միհրան Պողոսյանը ձերբակալվել էր ապրիլի 19-ին Կարելիայի Հանրապետությունում հայկական կողմի դիմումի համաձայն։ Նա ձերբակալվել էր ծանոթներից մեկի բնակարանում։ Ապրիլի 23-ին Պետրոզավոդսկի քաղաքային դատարանը նրան կալանավորել էր 40 օրով։ Դատախազությունը քաղաքային դատարան էր ուղարկել կալանքը մինչև վեց ամիս երկարաձգելու վերաբերյալ միջնորդություն: Միաժամանակ Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին ներկայացրել է իր վստահորդի համար տնային կալանքի միջնորդություն։ Մայիսի 24-ին դատավոր Անտոն Լևկինը Պողոսյանին նշանակել է տնային կալանք կես տարով։

Սակայն քաղաքային դատախազությունը, աղբյուրների համաձայն, կտրականապես չի համաձայնել դատարանի նման որոշման հետ՝ դրա չհիմնավորված լինելու պատճառով։

Այդուհանդերձ, մայիսի 28-ին Պողոսյանին ազատ են արձակել, և այժմ նա բնակվում է Պետրոզավոդսկում վարձակալած բնակարանում՝ ոտքերին էլեկտրոնային ապարանջանով։ Պողոսյանի տնային կալանքի վերաբերյալ դատարանի որոշումը օրինական ուժի մեջ չի մտել, և եթե Կարելիայի Գերագույն դատարանը այն չեղարկի, Միհրան Պողոսյանը ստիպված է լինելու վերադառնալ մեկուսարան։

«Հանցագործություններում մեղադրվող օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստանից արտահանձնման հարցերով զբաղվում է գլխավոր դատախազությունը,- stolicaonego.ru պարբերականին ասել է դատախազության աշխատակիցներից մեկը։ – Իր քաղաքացիների արտահանձման միջնորդություն ներկայացնող պետությունների հայցով ռուսաստանյան դատարանները նման մարդկանց նախ կալանավորում են երեք ամսով, եթե պետք է՝ անգամ կես տարով։ Կարելիայի դատարանները, այդ թվում՝ Պետրոզավոդսկինը, նման դեպքերում, ասենք, կալանավորել են Միջին Ասիայի, Մոլդովայի, Բելառուսի և այլ պետությունների քաղաքացիներին։ Սակայն տնային կալանք չի կիրառվել»։

Այս առումով Միհրան Պողոսյանի համար սահմանված տնային կալանքը զրուցակիցն անվանել է «աննախադեպ իրադարձություն և ամենաթողություն»։

***

Ապրիլի կեսին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ «հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Մոտ մեկ շաբաթ անց Միհրան Պողոսյանը ձերբակալվեց Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից։

Մեկնաբանել