Մարտի 1-ի զոհերի հարազատներն աջակցություն կստանան․ օրինագիծն ընդունվեց

Ազգային ժողովը հունիսի 4-ին միաձայն՝ 104 կողմ քվեով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը։

Այս նախագծի հեղինակները Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանն են։

Նախագիծը համարվում է անցումային արդարադատության մեխանիզմներից մեկը։ Այն կարգավորում է 2008 թ․ մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի նպատակն է «2008 թվականի մարտի 1-ից 2-ը տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց պատշաճ ուշադրության արժանացնել տարիներ շարունակ անտեսված և հարազատների կորստից հետո մինչ օրս սոցիալական, առողջական, հոգեբանական խորը խնդիրների առաջ կանգնած զոհված (մահացած) անձանց ընտանիքներին և առողջությանը վնաս կրած անձանց»:

Նախագծով աջակցություն է նախատեսվում նաև այն ոստիկանների համար, որոնք վնասվածքներ են ստացել, և որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել մարտմեկյան իրադարձությունների գործերի շրջանակներում։

Աջակցության չափը որոշելու է ՀՀ կառավարությունը։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում 2008թ․ մարտի 1-ի զոհերի հիշատակին, Երևան, 2019թ․, մարտի 1

Մեկնաբանել