Մեզ պետք չէ մարիոնետային դատարան. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրը չէ վերցնել գերանդին ու բոլորին հնձել, մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վտահությունը վայելող դատական համակարգ․ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով դատական համակարգում ազդարարված վեթինգը՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտեց, որ չի միջամտում դատական համակարգին և տեղին չի համարում, երբ դատական որոշումների համար սլաքներն իր վրա են ուղղվում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը ոչ մի առնչություն չունի որոշումների հետ, և «դե յուրե այդպես էլ պետք է լինի», բայց համակիրներն ու ընդդիմությունը ասում են՝ «վարչապետը հրահանգեց»։

Դատական համակարգում բարեփոխումները, ըստ վարչապետի, հանրության պահանջն է և ուղերձը, որը չի կարելի անտեսել։

Նիկոլ Փաշինյանը խոսեց դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին, ու թեև դրա հնարավորությունը բյուջետային առումով կա, բայց հանրությունը կառավարությանը չի հասկանա։

«Առանց դատավորների աշխատավարձերի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ դատական անկախ համակարգ։ Մեզ պետք չէ մարիոնետային դատարան, եթե պետք լիներ, պատրաստի դրած էր»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը շարունակեց՝ ասելով, որ հակակոռուպցիոն դատարան ստեղծելու, միջազգային դոնորներ ներգրավելու ծրագիր կա, և այդ հարցը քննարկվել է միջազգային գործընկերների հետ։

Մեկնաբանել