Մարտի 1-ի գործ. Զաքար Հովհաննիսյանի սպանության և Գեղամ Պետրոսյանի մասին

Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 4-ին հաղորդեց, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է Գեղամ Պետրոսյանը։

Պետրոսյանը 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի և շտաբի պետի պաշտոնը։ Պետրոսյանի մասին որոշ հիշատակումներ կան ինչպես Մարտի 1-ի փաստահավաք խմբի զեկույցում, այնպես էլ մամուլում։

Զաքար Հովհաննիսյանի սպանության հանգամանքները

Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ միակ անձն էր, որին սպանել են արտակարգ դրություն հայտարարելուց հետո։ Նա մահացել է մարտի 2-ին, ժամը 01։40-ին՝ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջային մակերեսին: 2008-ի պաշտոնական վարկածով՝ նրա մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը: Դիահերձման ժամանակ նրա մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ, որը, համաձայն դատաձգաբանական փորձաքննության, գործարանային արտադրության 9 մմ տրամաչափի փամփուշտի մաս՝ կրակված գնդակ է: Դրա վրայի կրակման հետքերը բնորոշ են «ՊՄ» ատրճանակից կրակված հետքերի:

Փաստահավաք խումբը լուծարումից հետո՝ 2010-ին, ներկայացրել է տեղեկատվություն Մարտի 1-ի տասը զոհերի սպանության հանգամանքների վերաբերյալ։ Այդ տեղակագրում շեշտվել է, որ նշված օրը շուկայի դիմաց գնտվել են միայն ոստիկաններ։

Զաքար Հովհաննիսյանի սպանության վերաբերյալ փաստահավաք խմբից անջատ առանձին զեկույց է ներկայացրել այդ ժամանակ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը։

Նա հրապարակել է Նորայր Սամվելի Մելքոնյանի 2008-ի մայիսի 12-ին տված վկայությունը, որը հայտնել էր, թե Զաքարն իր ընկերոջ հետ միասին գնացել է ցույցերի՝ Մաշտոցի պողոտայի շուկայի դիմացի հատվածում։ Զաքարի ընկերը՝ Արմենը, պատմել է, թե «Ինքը և Զաքարը, կրակոցներից վախեցած, փախել են, և հենց այդ պահին Զաքարը ընկել է, Արմենը չի կանգնել, շարունակել է փախչել եւ 5 րոպե անց զանգել է Զաքարի մանկության ընկերոջը և ասել է, որ Զաքարը Պրոսպեկտի շուկայի դիմաց ընկած է, գնացեք և բերեք»:

Մեկ այլ քաղաքացու՝ Լիլիթ Դալալոյանի վկայության համաձայն՝ «Խորենացու և Մաշտոցի փողոցների խաչմերուկում եղել են պատնեշ կազմած ոստիկաններ, զրահատեխնիկա»։ Նա նաև ասել է, որ այդ պատնեշից դեպի շուկա ոչինչ չէր երևում։ Ըստ վկայի՝ ոստիկանները այդ հատվածում են եղել Մարտի 2-ին ժամը 01:00-ից։

Արտավազդ Վարդանյանը պնդել է, որ «եղած իրողությունների համադրումով կարելի է ասել, որ այդ տարածքում Զաքար Հովհաննիսյանը նախ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից, այնուհետեւ ինչ-որ մեկը ատրճանակից դիմահար կրակել է նրան»։

Գեղամ Պետրոսյանի մասին

Գեղամ Պետրոսյանի անունը շոշափվում է Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ` Հայ ազգային կոնգրեսի նախկին ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի (ներկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) ու Ժառանգությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանի առանձին զեկույցում՝ զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ։

Նրա մասնակցությամբ փաստահավաք խմբի արխիվից տեսագրություն կա նաև Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում։

Գեղամ Պետրոսյանը Տիգրան Աբգարյանի հրազենային վիրավորում ստանալու փաստի կապակցությամբ հայտնել է, թե զորքերը դասավորված են եղել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկից մոտ 30 մ ետ` դեպի Լեո փողոցի ուղղությամբ հիդրոօթերևութաբանական կենտրոնի շենքի մոտ, և իրենց ուղղությամբ կրակել են․ «Երիտասարդ էր, որը շենքի անկյունից կրակեց մեր զինվորի վրա, ու կրակեց այդ զինվորին»։

– Մենք՝ տասը զոհերի հարազատների փոխարեն ուզում ենք իմանալ, թե դուք ի՞նչ էիք անում այնտեղ,- Պետրոսյանին հարց է տալիս Սեդա Սաֆարյանը։

– Ինչ-որ պետք ա, ինչ-որ մեզ թույլատրվել է, այն էլ արել ենք,- ասում է Պետրոսյանը։

– Օրենքով թույլատրվա՞ծ է մարդկանց սպանել,- հակադարձում է Անդրանիկ Քոչարյանը։

– Օրենքը կարդացեք, այնտեղ գրված է՝ ամեն ինչ ձեռնարկել, որ էդ փորձը խաթարենք,- ասում է Գեղամ Պետրոսյանը, ապա լռում։

Գեղամ Պետրոսյանի անունը հիշատակվում է նաև Փաստահավաք խմբի երրորդ՝ «Հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ փաստաթղթում։

«Հայկական ժամանակ» թերթում հրապարակվել է «Ճակատին կրակող գնդապետը» շարքի երրորդ հոդվածը, որը ՀԺ-ի կայքում զետեղված է 2010-ի թվագրությամբ։ Այնտեղ մեջբերումներ են արվում Գեղամ Պետրոսյանի տված վկայություններից: Հոդվածագիրը Գեղամ Պետրոսյանին մեղադրում է «բախումներ նախաձեռնելու մեջ»՝ մեջբերելով վկայությունից այն հատվածը, որ Պետրոսյանը, տեսնելով, թե Ձկան խանութի մոտ՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ավտոբուսներ են կանգնած, և ճանապարհը լայնքով փակված է, հրահանգել է առաջ գնալ։ Անդրանիկ Քոչարյանը Պետրոսյանից հետաքրքրվում է, թե «եթե Ձկան խանութի մոտ փշալարը քաշեին, ի՞նչ կլիներ», նա պատասխանում է, որ Ձկան խանութի մոտ 20-30 մետր փողոցն ավելի լայն է, քան այն տեղը, որտեղ իրենք էինք ցանկանում փշալարը քաշել։

«Այսինքն, Գեղամ Պետրոսյանն ուղղակի խոստովանում է, որ Մարտի 1-ի երեկոյան բախումները սկսվել են իր հրահանգով, միայն այն բանի համար, որ ինքը ցանկացել է փշալարը հենց բարիկադների դիմացով անցկացնել: Հենց այս գրոհի արդյունքում են սկսվել Մարտի 1-ի երեկոյան այն բախումները, որոնց հետեւանքով առնվազն տասը մարդ է զոհվել: Իսկ արդյոք Գեղամ Պետրոսյանի ինքնախոստովանությունը հավերժ անհետևա՞նք կմնա, ցույց կտա ժամանակը»,- վերջում հարց է տալիս «Հայկական ժամանակի» հոդվածագիրը։

Գևորգ Թոսունյան