Բռնության քարոզի հակահարվածը չպետք է լինի թավշյա․ Նիկոլ Փաշինյան

Իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր՝ բռնություն և ատելության խոսք քարոզող երևույթներին, և այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այդ հակահարվածը պետք է լինի երկաթյա․ այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 6-ի կառավարության նիստի մեկնարկին։

«Հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել։ Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում։ Եվ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ, ըստ ամենայնի՝ հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ, որոշ շրջանակներ որոշել են բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը մատնանշեց «սևազգեստ մարդկանց» խմբի՝ ակնարկելով #SutNikol նախաձեռնության անդամներին։

«Ինչ վերաբերում է այդ սևազգեստ խմբերին, նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբոչկան կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ օրինական կյանքի»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կապ չունի՝ այդ բռնություն քարոզողները հանդես են գալիս որպես իշխանության համակիրներ, թե ընդդիմության, այն պետք է ուժեղ հակազդեցության արաժանանա։ Այնուհետոև, դիմելով ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին, հանձնարարեց անհապաղ քայլեր ձեռնարկել։

***

Հունիսի 3-ին Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանը բռնության էր ենթարկվել, ինչից հետո ՀՅԴ-ական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ ծեծողն ինքն է եղել։ Հաջորդ օրը մի խումբ դանակցականներ ներկայացել էին ոստիկանության բաժին և բոլորը հաղորդել, թե ծեծողն իրենք են եղել։

Սաթենիկ Հակոբյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի