Հայաստանը՝ լույսի շող խավարում․ Freedom House-ի «Ազատություն և մեդիա» զեկույց

Freedom House իրավապաշտպան կազմակերպության նոր՝ «Ազատություն և մեդիա․ զսպանակաձև անկում» զեկույցը փաստում է՝ աշխարհում մամուլի ազատության վիճակը վերջին տասնամյակում վատթարացել է։ Աշխարհի ամենաազդեցիկ ժողովրդավարություններում նպատակուղղված ջանքեր են գործադրվում մեդիա ոլորտի անկախության դեմ։ Այդուհանդերձ, ըստ զեկույցի, աշխարհում մամուլի ազատության պատկերն ամբողջապես մռայլ չէ․ կան երկրներ, որտեղ ժողովրդավարական առաջընթաց է գրանցվել, և այդ երկրների շարքում է Հայաստանը։

«Աշխարհում մամուլի ազատության պատկերը ամբողջապես մռայլ չէ։ Վերջին երկու տարիներին ժողովրդավարական առաջընթացի ոգեշնչող օրինակներ են Եթովպիան, Մալայզիան, Հայաստանը, Էկվադորը և Գամբիան՝ բոլորն էլ զուգահեռաբար նվաճումներ են գրանցել մեդիա միջավայրում։ Հինգ այս երկրներից միայն Հայաստանին չի հաջողվել նույն տարում արձանագրել մամուլի ազատության բարելավում, ինչպես քաղաքական փոփոխությունների դեպքում: Այս կորելյացիան մեկ անգամ ևս ընդգծում է մամուլի ազատության և քաղաքական փոփոխությունների միջև սերտ կապը»,- նշում են հեղինակները ու հավելում, որ վերոնշյալ երկրներում բարելավումը մատնացույց է անում անկախ լրագրության դիմադրողականությանը՝ անգամ տարիների բռնաճնշումներից հետո։

«Վերջին տարում Հայաստանը շատ ավելի մեծ առաջընթաց է գրանցել ժողովրդավարական անցման գործընթացում՝ բողոքի ցույցերով, որոնք հանգեցրին նոր ընտրությունների, բարեփոխիչ կառավարության։ Հայաստանում, օրինակ, բազմաթիվ հեռուստաալիքներ սկզբնապես խուսափում էին բողոքի ցույցերը լուսաբանելուց, բայց փոքրաթիվ անկախ լրատվականներ, այդ թվում՝ ՍիվիլՆեթն ու Ազատությունը, կարողացել են ապահովել կայուն, խորքային լուսաբանում, այդ թվում՝ ուղիղ եթերների ու սոցիալական մեդիան հմուտ կիրառելու միջոցով։ Տեղեկատվության հոսքը խթանել է ժողովրդական շարժումը։ Այս լրատվականները նաև կասեցրել են նախկին վարչակարգի կողմից ապատեղեկատվության տարածումը»,- ասված է զեկույցում։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել