Հանքերի իրական սեփականատերերը կարող են և չբացահայտվել

Փետրվարի 21-ին մեծ շուքով ազդարարվեց, որ Հայաստանում բացահայտվելու են հանքերի իրական սեփականատերերը։ Սակայն խորհրդարանի ընդունած օրենքը պարունակում է դրույթ, որը թույլ կտա հանքարդյունաբերող ընկերություններին խուսափել այս պահանջից։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթին մեկնաբանություն է տվել Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը սկսվել էր 2017-ից, երբ Հայաստանը դարձավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) անդամ։ ԱՃԹՆ ստանդարտը պահանջում էր, որ նախաձեռնությանը մասնակից երկրները հրապարակեն հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեեստր։ Այս տարվա փետրվարի 21-ին կառավարությունն ընդունեց օրենքի նախագծերի փաթեթ, որը ապրիլին սկսեց քննարկվել խորհրդարանում։

Արդեն իսկ խորհրդարանում ընդունված օրենքի համաձայն՝ իրական սեփականատերեր են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսին։ Այլ կերպ ասած՝ հանքարդյունաբերական ընկերությունում մինչև 10 տոկոս բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիակական անձը ազատվում է այդ բաժնեմասի իրական սեփականատիրոջը բացահայտելու պարտադրանքից։ Սա էլ իր հերթին կարող է հնարավորություն տալ հանքարդյունաբերական ընկերությունում 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձին «մասնատել» բաժնեմասերը այնպես, որ դրանք ստացվեն 10 տոկոսից ցածր ու չվերաբերեն իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությանը։

Խորհրդարանում քննարկումների ժամանակ, սակայն, պատգամավորները այդ հարցով հիմնական զեկուցող, էներգետիկայի և բնական պաշարների արդեն նախկին նախարար Գարեգին Բաղրամյանից չհետաքրքրվեցին՝ ինչու է սահմանվել բաժնեմասերի նման սահմանաչափ։ Իսկ կառավարությունում այս հարցով քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ փորձեց հավաստիանալ, որ հանքերի իրական սեփականատերերի մասին ինֆորմացիան ամբողջական ու մատչելի է լինելու։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ հանքերի իրական սեփականատերերի շղթան բացվելու է մինչև վերջին շահառու ֆիզիկական անձը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սիվիլնեթի հետ զրույցում, պատախանելով հարցին, թե ինչու է որոշվել իրական սեփականատիրոջ բացահայտման դրույթը սահմանել ընկերությունում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա, ասաց, որ օրենքի բոլոր դետալներին չի տիրապետում։

«Առհասարակ որևէ օրենքում սողանցքներ միշտ կարելի է գտնել։ Կարելի է ճիշտ կամ սխալ մեկնաբանել օրենքը, ու առաջ է գալիս օրենքի՝ իրական կյանքում կիրառելիության հարցը»,- նշեց Ավինյանը։ Նրա խոսքով՝ հնարավոր է այնպիսի ընթացակարգ սահմանել, որը շատ ու շատ կբարդացնի հանքերի իրական սեփականատերերին թաքցնելը։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաև, որ եթե հանքարդյունաբերող ընկերություններն իրենց իրական սեփականատերերի մասին տվյալներ չտրամադրեն կամ դրանք իրականությանը չհամապատասխանեն, ապա հանքարդյունահանման լիցենզիան կարող է հետ կանչվել։ Փաթեթի հիմնավորումներում նշվում էր, որ Հայաստանն այս կարգավորումների հարցում ուսումնասիրել է Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի փորձը։

Երբ խորհրդարանում հարցը զեկուցող Գարեգին Բաղրամյանից «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե այս կարգավորման ներդրման մոդելը որտեղից է վերցված, Բաղրամյանը թվարկեց վերը նշված երկրներն ու ավելացրեց, որ «ուսումնասիրվել են նաև եվրոպական մի շարք երկրների փորձը», հետո հավելեց՝ իր ձեռքի տակ այդ եվրոպական երկրների անունները չկան, կարող է հետագայում ճշտել ու տեղեկացնել։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել