Հունիսի 7-ին Ազգային ժողովը 72 կողմ և 32 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենգրքի և կից օրենքների փոփոխության փաթեթը։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները դեմ քվերկեցին նախագծին։
Փաթեթով ներդրվում է միասնական եկամտային հարկի համակարգը, բացի այդ, հաջորդ տարվանից փոխվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը, բարձրանալու՝ էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը։ Այս նախագծով 2020-ից աճելու է նաև խաղային ոլորտի լիցենզիաների վճարը, երկու տոկոսային կետով նվազելու է շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս և այլն։
Նախքան քվեարկությունը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մոտենալով ամբիոնին, պատգամավորներին ցույց տալով փոփոխությունների փաթեթը, հարցրեց.
«Ժողովուրդ ջան, սա կարդացե՞լ եք», և առաջարկեց միասին թերթել նախագիծը։ Միրզոյանը մեջբերումներ արեց փաստաթղթից, օրինակ՝ անդրադարձավ եկամտահարկի համահարթեցման հատվածին, ըստ որի՝ 2020-ի հունվարի 1-ից այն կսահմանվի 23 տոկոս, այնուհետեւ դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազելով` կհասնի 20 տոկոսի:
Եզրափակիչ ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ երկու տարի առաջ չէր պատկերացնում, որ երբևէ ԱԺ ամբիոնից կոչ կանի կողմ քվեարկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած նախագծին։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք այս համահարթի իմաստը սխալ ենք հասկացել։ Բոլորին թվում է, թե այս համահարթով մենք օգուտ ենք տալիս բարձր աշխատավարձ ստացողներին՝ ի վնաս քիչ ստացողների։ Մինչդեռ համահարթի իմաստը ընդհանուր տնտեսությանը օգուտ տալն է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով հասնելու է ցածր աշխատավոր ստացողներին»,- ասաց պատգամավորը։
Բացի այս նախագծից խորհրդարանն այսօր ընդունեց նաև այլ փաթեթները։ Միաձայն՝ 103 կողմ ձայնով ընդունվեց էլեկտրոմոբիների ներմուծման և վաճառքի ժամանակ ավելացված արժեքի հարկից ազատելու նախագիծը։ Այս օրենքը կգործի 2,5 տարի։
Գևորգ Թոսունյան