Դատարանը պարտավորեցրել է Արսեն Թորոսյանին ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամուց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը հունիսի 7-ին պարտավորեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին Ֆեյսբուք սոցիալական ցանցի ուղիղ եթերի միջոցով հրապարակային ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրեն Արա Մինասյանից։ Այդ մասին տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Արա Մինասյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է, Սարգսյանի դստեր ամուսնու՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։

Պաշտոնը ստանձնելուց հետո Արսեն Թորոսյանը խոսել էր այդ հիվանդանոցում առկա չարաշահումների մասին։ Դրան հաջորդել էին ցույցեր ի պաշտպանություն Արա Մինասյանի, որից հետո ֆեյսբուքյան ողիղ եթերում Արսեն Թորոսյանը պատմել էր հիվանդանոցում հայտնաբերված խախտումների մասին։ Նա իր խոսքում հայտարարել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչն» ունի արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր, ու իրենց ստուգումները ցույց են տվել, որ «այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում»: «Այսինքն՝ մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձում կատարելու վերաբերյալ»,- ասել էր Թորոսյանը։

Նույն եթերի ընթացքում Թորոսյանը հայտարարում է․ «Չի դադարում էդ թալանը և այսպես ասած՝ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 000 դրամի բուժում են ստացել»: Իր խոսքում Թորոսյանը հայտարարում է, որ հիմնարկը 8 000 դրամի հետազոտության փոխարեն 200 000 դրամ է ստանում պետբյուջեից։ «Կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական: Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից»,- ասել էր նախարարը։ Հենց այս արտահայտություններն էլ Արա Մինասյանը համարել էր զրպարտություն և դատական հայց ներկայացրել Թորոսյանի դեմ։

Իր իրավական դիրքորոշման մեջ Արսեն Թորոսյանի ներկայացուցիչը նշել է, որ իր խոսքերն ուղղված են եղել գործում ներգրավված երրորդ կողմին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին» և միայն երրորդ անձը կարող է իր խոսքերը համարել զրպարտություն։

Սարգիս Երիցյանը պատկառելի ունեցվածք ունեցող դատավորներից է։ Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի՝ 2018-ի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 147 000 դոլար, 53 միլիոն դրամ ու 8 000 եվրո։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ կապված նաև քրեական գործ կա։ Փետրվարի 12-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը տեղեկացրել էր, որ իր կինն իր կամքից անկախ գործում ներգրավել է որպես վկա, քանի որ չորս տարի առաջ որպես սոցփաթեթի շահառու դիմել է այս բժշկական կենտրոն միայն հետազոտության համար։ Ըստ բժշկական կենտրոնի, սակայն, պատգամավորի կինը վիրահատվել է, թանկարժեք դեղորայք ընդունել ու բուժվել։ Բժշկական կենտրոնի չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ, Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խաչդախության ու փաստաթղթեր կեղծելու համար։ Նա հետախուզվում է։ Անցյալ հոկտեմբերին Քննչական կոմիտեն հաղորդեց, որ արգելանք է դրվել Արա Մինասյանի 273 000 դոլար գումարի, բնակարանների, առանձնատների, շարժական ու անշարժ գույքի վրա։

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Ֆոտոլուր)

Մեկնաբանել