Հունիսի 9-ին 23 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում

Այսօր՝ հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ:

Համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան 8։00-ին, ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 58 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 126 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 9 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն իրականացնող 6 կազմակերպություն;

14:00-ի դրությամբ 23 համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 24,89%-ը։ Ընտրողներն ամենաակտիվն են Սյունիքի մարզի Գորայք համայնքում, որտեղ և՛ համայքնի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ են՝ 47,09%-ն արդեն քվեարկել է, մասնակցության ամենացածր տոկոսը 14:00-ի դրությամբ Լոռու մարզի Լեռնավան համայնքում է՝ 7,01%. այստեղ միայն ավագանու անդամի ընտրություններ են։

***

Հունիսի 8-ին միջադեպ էր տեղի ունեցել Աբովյան քաղաքում, որտեղ այսօր նույնպես ընտրության օր է։ Անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ։ ՔՊ վարչությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը։ Աբովյանում կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն Գրիգոր Գուլյանն է, մյուս 5 թեկնածուներն ինքնաառաջադրված են։

Լիլիթ Աբովյան

Մեկնաբանել