«Չեռնոբիլ» սերիալը` հայրենասիրական արվեստի դատավճիռ

Ռուսական Republic.ru կայքը հրապարակել է Անդրեյ Արխանգելսկիի հոդվածը մեծ «Չեռնոբիլ» սերիալի մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մինչ HBO հեռուստաընկերության և բրիտանական Sky հեռուստացանցի «Չեռնոբիլ» սերիալը Internet Movie Database (IMDb)-ի վարկանիշում առաջին տեղում է հայտնվում, Ռուսաստանում իշխանամետ մեդիաները, ինչպես և կանխատեսվում էր, վարկաբեկում են այն։ Դա իր տեսակով խորհրդային բնազդ է․ պետք է, թեկուզ ուշացած, «սկզունքային գնահատական» տալ։ Դժվար է սահմանել, թե որն է սերիալի գաղափարախոսական դիվերսիան, բայց կուսակցական հոտառությունը (խորհրդային բառապաշարի ևս մեկ բառ) անսխալ կանխագուշակում է, որ «Չեռնոբիլում» ինչ-որ դավադրություն կա՝ անտեսանելի, բայց վտանգավոր։ Հեղինակները, ճիշտ է, շատ չեն խորանում՝ ֆիլմը «անթերի քարոզչություն» և Ռոսատոմի դեմ դավադրության մաս անվանելով։

Այս անգամ, ինչքան էլ տարօրինակ է, հեղինակների հոտառությունը չի դավաճանում․ շատ բաներում հեռուստատեսության և կինոյի վրա հիմնվող ռուսական գաղափարախոսության համար այս ֆիլմը իրոք վտանգավոր է։

Իշխանամետ կինոյի և հեռուստատեսության օգնությամբ վերջին տասնամյակում երկրին հաջողվել է փաթաթվել անթափանց թրթուրի մեջ, փոխել քաղաքացիների մեծ մասի գիտակցությունը: Անցյալի մասին սերիալների և ֆիլմերի օգնությամբ էկրանին ստեղծվել էր «անթերի ԽՍՀՄ»-ի կերպար, որտեղ սննդի, հագուստի, ազատության խնդիր չկար, իսկ ամենամեծ իրադարձությունը Դյատլովի խմբի հանելուկային մահն էր: Իրականության մեջ այդպիսի ԽՍՀՄ չի եղել, և հեռուստադիտողները դա շատ լավ գիտեն, բայց շարունակում են նայել: Հոգեբանորեն դա հեշտ է բացատրել։ Այդ բոլոր սերիալները կարծես նախկին խորհրդային մարդուն ասեն․ «Անցյալում ամեն ինչ կարգին էր, անհանգստանալու և ինքդ քեզ մեղադրելու պատճառ չկա»։ Այսպես հեռուստատեսության շնորհիվ հաջողվել է մի քանի սերունդների կոլեկտիվ հիշողությունը փոխել։ «Եղել են բռնաճնշումներ, բայց եղել է նաև լավը» բանաձևը օդից չի հայտնվել, այլ հենց այդ սերիալային քարոզչության արդյունքն է։ Խորհրդային ցնցումը բուժելու փոխարեն այն դարձրել են զվարճանք։ Բանականության նկատմամբ այդ հաղթանակը ունիվերսալ զենք էր թվում։

Բայց հանկարծ պարզվեց, որ մեր պատմության վրա այլ հայացքը կարող է այդ կոկոնը մեկ ակնթարթում քանդել։

Ստի գինը

«Չեռնոբիլ» սերիալը սկսվում է «ո՞րն է ստի գինը» խոսքերով։ Ըստ էության, խորհրդայինի մասին խոսակցությունը առաջին հերթին խոսակցություն է ստի մասին, որը մեխանիզմից վերածվել է գերարժեքի։ «Ամբողջ աշխարհը գիտի»,- սարսափով ասում է խորհրդային չինովնիկ Բորիս Շերբինան, երբ Չեռնոբիլի վթարի մասին լուրերը հայտնվում են արևմտյան մամուլում։ Դա ավելի սարսափելի է թվում, քան նույնիսկ ռադիոակտիվ վարակի սպառնալիքը, քան հարյուրհազարավոր մարդկանց մահվան սպառնալիքը։ Աշխարհը գիտի ճշմարտության մասին․ ահա ինչն է ամենից սարսափելին։ Ճառագայթումը ամենաթափանց է, բայց պետական սուտը ավելի հզոր է․ այն իրենով վարակել է շուրջբոլորը։ Հանուն ստի մարդիկ պատրաստ են զոհել իրենց, և իհարկե՝ ուրիշներին։

Միայն թվում է, թե մեր հեռուստատեսությամբ ԽՍՀՄ-ի մասին են շատ խոսում։ Երբ նայում ես «Չեռնոբիլը», հասկանում ես, որ իրականում 10-15 տարում մեր պատմական սերիալները կարողացել են ոչինչ էլ չասել։ Ուշադիր հետևելով «Չեռնոբիլին»՝ տեսնում ես, որ ռուսական կինոն ընտրում էր միայն հարմար և անվտանգ թեմաները, որ այն կարողանում է ցանկացած ողբերգություն վերածել սովորական մի բանի, կոստյումավոր դրամայի՝ առատորեն համեմելով դրանք «սիրային պատմություններով»։ Բացի այդ, մեր հեռուստամեքենան երբեք չի պատմում իրականության մասին։ Այն նախընտրում է կուտակել խելագար մտացածին բաներ, որոնք դուրս են իրականությունից՝ ընդ որում խորհրդային ժամանակի իրոք կարևոր իրադարձությունների մասին խոսելուց խուսափելով։ Դրանց թվում է նաև Չեռնոբիլի վթարը։

Համաշխարհային շուկան, ի դեմս HBO հեռուստաընկերության, ճիշտ ժամանակին է նկատել այդ դեֆիցիտը։ Բայց դեռ ինչքա՞ն այդպիսի թեմաներ կան, որոնք տաբու են ռուսական հեռուստատեսության համար։ 1917-ի հեղափոխությունը, 1937-ը, 1941-ը և 1942-ը, Ստալինի մահը, Պերեստրոյկան, 1990-ականները․․․ Սերիալի հաջողության գաղտնիքը դրա ստեղծողների շատ փող ունենալը չէ, այլ այն, որ գրաքննություն չկա։ Հեղինակներին հարկավոր չէ գլուխ ջարդել, թե գլխավոր տնօրենին գոհացնելու համար ինչ է կարելի ասել, ինչ՝ ոչ։ «Չեռնոբիլի» հեղինակները չեն վախենում կադրում Գորբաչովին ցույց տալուց․ մեզ մոտ վերջին տասնամյակում նա կինոյում ոչ մի անգամ չի հայտնվել (!). դա տաբու է։

Հեղինակները չեն վախենում հանդիսատեսի հետ մահի մասին որպես հասուն մարդիկ խոսել։ Նրանք խորհրդային ժամանակը չեն դիտարկում որպես թանգարան կամ Գոխրան [ՌԴ ֆինանսների նախարարությանը կից թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի ֆոնդի ձևավորման, պահպանման և բացթողնման պետական հաստատություն – խմբ․], այլ որպես պետության և անհատի միջև դիմակայության ունիվերսալ պատմություն, մարդու՝ պայմաններին ընդդիմանալու պատմություն, և հանկարծ նկատում են անհատակ էքզիստենցիալ նյութ։ Այդ իմաստով խորհրդային պատմությունը կարող է նմանվել ոչ ավել, ոչ պակաս՝ «գահերի խաղի»։ Եվ իհարկե, դեպի խորհրդայինը այդ ուշադրությունը աշխարհում պայմանավորված չէ կարոտախտով, այլ փորձ է հասկանալու, թե այսօր ինչը մեզ հետ այն չէ, որտեղից այդ կոլեկտիվ «մահվան հակումը»։

«Չեռնոբիլը», ամենից առաջ, իհարկե, պատմություն է մեր մասին, այն մասին, թե ռեֆլեքսիայի և բարոյականության ինչ աստիճանի վրա է հայտնվել մեր հասարակությունն այսօր։

Չխոսել ցավի մասին

Առաջին և ամենաուժեղ զգացումը, որ առաջացնում է «Չեռնոբիլը», ողբերգության զոհերի նկատմամբ խղճահարությունն է։ Այո՛, այստեղ ակնհայտ անհամապատասխանություններ կան (օրինակ՝ հանքափորները Տուլայում), բայց հերոսների զգացմունքները անկեղծ են։ Շատ դժվար է նայել, թե ինչպես է հրշեջի կինը նրան հիվանդասենյակում հրաժեշտ տալիս։ Սիրած մարդուն դիպչելը արգելք է, որը կինը խախտում է։ Այդ ցավը էկրանին է, բայց կարող է կատարսիս առաջացնել։

Միաժամանակ հասկանում ես, որ մեր սերիալները նայելիս նման բան չես զգում։ Այնտեղ եղած արյան ծովը, մահերը և սպանությունները ապրումակցություն չեն առաջացնում։ Ռուսական սերիալներում մահը միայն սյուժեի շարժիչ է, մեր կինոն վախենում է մարդու մասին ցանկացած լուրջ խոսակցությունից, վախենում է հոգևոր անհանգստությունից, կարևոր բաների մասին լուրջ խոսելուց։ Ահա ռուսական «Չեռնոբիլ․ մեկուսացման գոտի» սերիալի թողարկումը (սկսվում է 2019-ի հոկտեմբերի 10-ին)․ «Պաշան և նրա ընկերները կրկին Պրիպյատում են, որտեղ ստիպված են նորից Զոնայի և նրա սարսափելի անոմալիաների հետ պայքարի մեջ մտնել։ Ո՞վ է կողքիդ՝ իսկական մա՞րդ, թե՞ Զոնայի ծնունդ։ Կկանխե՞ն նրանք Չեռնոբիլի աղետը ևս մեկ անգամ»։ Սա հետխորհրդային կինոյի դասական սցենար է՝ երիտասարդ հերոսներ, հրեշներ, և իհարկե, այլընտրանքային իրականություն, որում կարելի է կանխնել Չեռնոբիլի աղետը կամ, օրինակ, հաղթել ԱՄՆ-ին սառը պատերազմում։

Արդյունքում, մեր հեռուստատեսությունը, անսահման պաթոս սփռելով, հետ է վարժել մարդուն «հոգու աշխատանք» կոչվածից։ Ըստ էության այն մարդուն հետ է վարժել նորմալ մարդկային զգացմունքներից։ Ցանկացած ողբերգություն վերածել է զվարճանքի, որին հետևելը այնքան զզվելի է, ինչքան քարոզչական շոուների դիտումը։ Ողբերգությունը մեզ համար միայն աշխատանքից հետո հեռուստացույցի առաջ մոռացման մեջ ընկնելու առիթ է։ Սերիալների ժանրն այսօր կարող է թերապևտական մեծ աշխատանք իրականացնել, մարդկանց ծառայել որպես ուսուցանող ծրագիր, նրանց ծանոթացնել կյանքի դժվարություններին։ Մեր սերիալները հետ են վարժում մարդուն զգալուց։ Սովորեցնում են ապրել կես ուժով, կես ուղեղով, ապրել երեխայի նման։ Ուրիշ մարդու ցավը զգալու համար պետք է ինքդ մարդ լինես։ Մեր կինոն չի կատարում կինոյի կարևորագույն գործառույթը․ այն չի բուժում։ Ըդհակառակը՝ այն խաղում է ամենավատի հետ և ծաղրում է։ Արդյունքում խորհրդային մարդկանց հանդեպ անկեղծ զգացմունք կարողանում է առաջացնել ամերիկյան կինոն, այն նույնը, որին մեղադրում են «փչոցների» մեջ։

Հերոսություն և սիմվոլիզմ

Սերիալը կարողանում է պատմել խորհրդային մարդու հերոսության մասին։ Մեր ֆիլմերում մարդը միշտ պատրաստ է հերոսական արարքի և կատարում է այն առանց մտածելու, հանուն պետության։ Դրան հավատալը, իհարկե, անհնար է։ «Չեռնոբիլում» խորհրդային մարդու հերոսական արարքն ընդդեմ համակարգի է, այն կարծես այդ համակարգի անմարդկայնության փոխհատուցումը լինի։ Բայց հենց այդ պահին նա կարծես ինքն իրեն գերազանցում է, գաղափարախոսությունից վեր է բարձրանում։ Խորհրդային մարդը պարզապես վերածվում է մարդու։ Սերիալը ջանում է խորհրդային մարդկանց վարքի մեջ գտնել ունիվերսալ շարժառիթներ և մեզ համոզել, որ նույնսիկ ամբողջատիրական համակարգում ամեն ինչ կախված է անհատից։ Խորհրդային երկու գիտնական-ֆիզիկոսներ, ինքնապահպանման բնազդին հակառակ, խղճի ձայնը լսելով, ձգտում են Չեռնոբիլի մասին ճշմարտությունը պատմել երկրին և աշխարհին՝ նոր աղետների մասին զգուշացնելու համար։ Դա, իհարկե, իրերի վրա հաճոյախոսություն պարունակող հայացք է․ սերիալը խորհրդային մարդուն ներկայացնում է ավելի լավը, քան նա կա։ Ավելի մեծ անհատ, քան նա կարող էր լինել։

Խորհրդային մարդու մոտ խիղճ առաջացնելը այստեղ արտահայտվում է «պետք է» բառի միջոցով։ Նորից, խորհրդային հերոսության առանձնահատկությունն այն է, որ մարդը, որպես կանոն, ընտրության իրավունք չունի։ Զինվորները, հրշեջները, բժիշկները այստեղ գնում են գրեթե ճիշտ մահվան․ դա չի նվազեցնում նրանց հերոսությունները, բայց դրանց լրացուցիչ ողբերգականություն է փոխանցում։ Հենց այս «կրկնապատկված ողբերգականության» հաշվին են սերիալի հեղինակները հասնում այն արդյունավետությանը, որին ցանկանում, բայց չի կարողանում հասնել մեր կինոն՝ հաշտվել անցյալի հետ։ Ոչ թե հավասարեցման, լռելու, գռեհկացնելու կամ կառնավալային դարձնելու միջոցով, այլ խորհրդային առօրեականությունը ողբերգականացնելու ճանապարհով, որում յուրաքանչյուրը հնարավոր զոհ է, այսինքն՝ արդեն արժանի է խղճահարության։ Երբ տեսնում ենք՝ ինչպես են համարյա դատապարտված մարդիկ ռեակտորի տանիքին կարմիր դրոշ դնում, առաջին հերթին խղճահարություն ենք զգում։ Իսկ «ստորացված չլինելու մոլուցքով տարված» արտահայտությունը, իհարկե, արդեն ժամանակակից Ռուսաստանի մասին է։

Շատերը հիմա զբաղված են սերիալում սայթաքումները հաշվելով, բայց շատ դետալների հոգեբանական ճշգրտությունը ապշեցուցիչ է։ Պատմությունն այն մասին, թե ինչպես է կուսակցության հին անդամը խորհուրդ տալիս «ամեն ինչ կոծկել» խորհրդային իդեալների համար, լրիվ ծածկողական հայացք է «Օմոն Ռա»-ից [գրող Վիկտոր Պելևինի կիսակատակերգական վեպը խորհրդային դաստիարակչական սիրավեպերի մասին]։ «Նորմալ դոզիմետրերը չհրկիզվող պահարանում են»-ը արտահայտություն է, որը հասկանալի է միայն խորհրդային մարդկանց (ամեն աշխատող բան ամեն դեպքում հեռու է պահված)։ Սովորական ժեստը, որով թղթե տասանոցը որպես «շնորհակալություն» անցնում է բուժքրոջ գրպանը։ Ֆիզիկայի ինստիտուտների աշխատակիցները Մոսկվայում և Մինսկում, ինչպես բոլոր խորհրդային մարդիկ, իրար մեջ խոսում են այլաբանության լեզվով, որին կատարյալ տիրապետում են՝ իմանալով, որ հեռախոսները կարող են գաղտնալսվել։ Երկրորդ սերիայում շաբաթ առավոտվա լռությունը խախտում է ռադիոկետի ձայնը, հաղորդավարը արտահայտիչ կարդում է Կոնստանտին Սիմոնովի «Հիշում ես, Ալյոշա՛, Սմոլենշչինայի ճանապարհները․․․» գործը։ Դրանում ինչ-որ անտրամաբանական բան կա․ ինչու՞ է համամիութենական ռադիոյով հանգստան օրով զինվորական բանաստեղծություն հնչում։ Սակայն հենց այդպես է եղել, պարզապես մենք ուշադրություն չենք դարձրել․ զինվորական էթիկան որպես նորմ գիտակցորեն փաթաթվում է մարդկանց նույնիսկ խաղաղ ժամանակ։

Եվ իհարկե, սիմվոլիզմի մասին։ Այն ամենը, ինչ պատրաստվել, հավաքվել էր տասնամյակներով Արևմուտքի, Ամերիկայի դեմ հաղթանակի, դիմակայման, նրանց հասնելու և առաջ անցնելու համար մեքենաների և տանկերի արմադա էր, և նույնիսկ լուսնագնացները արդյունքում պետք եկան նրա համար, որ հանգցնեն հենց իրենց իսկ առաջացրած հրդեհը։ «Չեռնոբիլը» վերածվում է պատմության այն մասին, թե ինչպես էր գործում ԽՍՀՄ-ը, և ինչու այն փլուզվեց։

Սերիալի հետ կապված գլխավոր հարցի պատասխանը (ինչու՞ այն չի նկարահանվել մեզ մոտ), ցավոք, շատ պարզ է․ ստեղծագործական ազատության և ճշմարտության թույլատրելիության ներկայիս պայմաններում քննադատության և լրջության այդպիսի քանակ ունեցող ֆիլմի հայտնվելը Ռուսաստանում պարզապես անհնար կլիներ։ Դրա համար էլ ստիպված ենք նայել ուրիշի հայելուն։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել