Հայաստանից դուրս եկող և Հայաստան մտնող ճանապարհները

Հայաստանը 1991 թվականին անկախացավ կիսով չափ շրջափակման պայմաններում: Թեև մինչև 1992-ը հատուկենտ
ապրանքատար գնացքներ են Ադրբեջանից մտել Հայաստան, սակայն հարևան հանրապետությունից եկող
հաղորդակցության ուղիները, որոնք կենսական էին մեզ համար, փակ կամ կիսափակ էին 1990-ականների առաջին
ամիսներից: Այդ ժամանակներից փակվեց նաև Ադրբեջանից Հայաստան մտնող գազատարը: 1989-1990թթ. շատ
արագ կերպով Խորհրդային Հայաստանի իշխանությունները կառուցեցին նոր գազատար՝ Ռուսաստան-Վրաստան-
Հայաստան: Այսօր էլ հենց այդ գազատարն է ապահովում ռուսական երկնագույն վառելիքի մուտքը Հայաստան:
Դեպի ծով ելքից զուրկ Հայաստանը, կարելի է ասել, արդեն հարմարվել է շրջափակումներին և փորձում է իր
տնտեությունը կառուցել երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններին հարմարվելով:

Անմիջական 4 հարևան պետություններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ: Խորհրդային տարիներին Հայաստան մտնող և դուրս եկող ապրանքների 85 տոկոսը կատարվում էր Երևան-Մեղրի-Բաքու-Ռուսաստան երկաթուղով:

Ադրբեջանի, ինչպես և Վրաստանի հետ թեև չկային սահմաններ, սակայն կային մի քանի հիմնական ճանապարհներ:
Խորհրդային մարդիկ հիշում են, որ Հայաստանի սահմանային յուրաքանչյուր գյուղից կարելի էր անցնել հարևան
ադրբեջանական և վրացական գյուղ: Փոխարենը, անհնար էր մոտենալ Իրանի և Թուրքիայի սահմաններին, որոնց
երկայնքով փշալար էր: Այդ փշալարերը մնացել են մինչև այսօր:

Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդային տարիներին միմյանց հետ կապվում էին Երևան-Մեղրի-Բաքու և Իջևան-Բաքու երկաթուղագծերով: Առաջինը կառուցվել էր 1930-40-ական թվականներին, երկրորդը՝ խորհրդային վերջին
տարիներին: Երևան-Կապան գնացքը ևս անցնում էր Ադրբեջանի տարածքով, այն է՝ Երևան-Սադարակ-Նախիջևան-
Ջուլֆա-Մեղրի-Մինջևան-Զանգելան-Կապան:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային տարիներին գործում էին հետևյալ գլխավոր ճանապարհները՝ Իջևան-
Ղազախ, Բերդ-Թովուզ, Ճամբարակ-Գետաբեկ, Վարդենիս-Քելբաջար, Գորիս-Լաչին, Կապան-Զանգելան:
Հայաստանն ու Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանը միմյանց հետ կապվում էին երեք հիմնական ճանապարհներով՝
Արարատ-Սադարակ, Սիսիան-Նախիջևան, Մեղրի-Ջուլֆա:

Թուրքիայի հետ Հայաստանը ուներ և ունի երկու հսկիչ-անցագրային կետ. Մարգարա-Ալիջան (Արմավիրի մարզ) և
Ախուրիկ-Դողուքափը (Շիրակի մարզ): Այս վերջինով է անցնում նաև Գյումրի-Կարս երկաթգիծը: Խորհրդային
տարիներին երկաթգիծը և ճանապարհները գործել են, ճիշտ է՝ սահմանափակումներով:

1993 թվականի ապրիլից այս ճանապարհները փակ են թուրքական կողմից: Իրանի հետ Հայաստանը խորհրդային տարիներին չուներ ճանապարհային կապ: 1991-ի անկախությունից անմիջապես հետո սկսվեց Իրան-Հայաստան կամրջի շինարարությունը Արաքս գետի վրայով, որը ավարտվեց և շահագործման հանձնվեց 1995 թվականին: Այսպիսով, 3 միլիոնանոց և 80 միլիոնանոց Հայաստանն ու Իրանը միմյանց հետ ունեն կապի մեկ ճանապարհ՝ Արաքսի կամուրջը (նկարագրական այս հոդվածում չենք անդրադառնում օդային կապին):

Շատ ավելի ամուր է Հայաստան-Վրաստան կապը՝ շուրջօրյա աշխատող երեք հսկիչ-անցագրային կետ և երկաթուղագիծ:

Դրանք են՝ Բագրատաշեն-Սադախլո (Տավուշի մարզ), Գագարան-Գուգուտի (Լոռու մարզ) և Բավրա-Նինոծմինադա (Շիրակի մարզ): Հայաստանը Երևան-Թբիլիսի երկաթգծով կապվում է Սև ծովի Բաթումի և Փոթի նավահանգիստների հետ: Այս, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթուղին, կառուցվել է ցարական շրջանում՝ 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբում: Հայաստանի Հանրապետության շրջանում՝ 1918-1920 թվականներին Երևան-Թիֆլիս և Ալեքսանդրապոլ (Գյումրի)-Կարս-Սարիղամիշ գնացքները ունեցել են կենսական նշանակություն:
Հայաստանը Արցախի հետ կապվում է երկու հիմնական ճանապարհներով, որտեղ կան հսկիչ-անցագրային կետեր.
Գորիս-Բերձոր և Վարդենիս-Քարվաճառ:

Այսօր Հայաստանի արտաքին սահմանների մոտ 80 տոկոսը շրջափակման տակ է:

Մեկնաբանել