Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի ոստիկանության պետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, նույն օրը Նախագահը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանն ազատվել է պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին:

Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Իգոր Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

Մեկնաբանել