ՌԴ դեսպանությունը Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալու մասին տեղեկություն չի ստացել․ Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը չի ստացել տեղեկատվություն այն մասին, որ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկություն դեսպանությունը չի ստացել: Ես գիտեմ այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում: Այդ հարցը մեկնաբանելու համար լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա պիտի հիմնվեմ, բայց կարծում եմ՝ դուք դա չեք ակնկալում։ Չարժե, որ դրանց վրա հիմնվելով մեկնաբանեմ»,- ասաց դեսպանը։

***

Հունիսի 3-ին ռուսաստանյան stolicaonego.ru կայքը գրեց, որ ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա համար տնային կալանք է սահմանվել։ Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանը Պողոսյանին քաղաքական ապաստան է տրամադրել։

Ապրիլի կեսին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ «հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Մոտ մեկ շաբաթ անց Միհրան Պողոսյանը ձերբակալվեց Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից։

Մեկնաբանել