Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակը սրելու մեջ

Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք․ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ի պատասխան լրագրողների դիտարկումների, թե առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ։

«Մեր անօդաչու սարքերն էլ են թռչում շփման գծի երկայնքով, հանգիստ եղեք», – ասաց Տոնոյանը։ Շփման գծում իրավիճակը նախարարը բնութագրեց որպես «համեմատաբար կայուն»։

Պատերազմի սպառնալիքի մասին հարցին Տոնոյանը պատասխանեց, որ «եթե պատերազմի սպառնալիք անմիջական լինի, ինքը կտեղեկացնի»։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում են, որ հայկական կողմը, օգտագործելով «Օսա» զենիթահրթիռային համալիր, փորձել է խոցել ադրբեջանական ավիացիոն միջոցները, սակայն «երկու հրթիռ, չխոցելով թիրախը, ինքնաչեզոքացվել է օդում»։

Երեկ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել՝ հերքելով ադրբեջանական «ապատեղեկատվությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ)»:

«Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»,- ասված է ՊԲ հունիսի 12-ի հաղորդագրությունում։

Մեկնաբանել