Ադրբեջանը Վաշինգտոնի հանդիպումից առաջ ոչ նպաստավոր միջավայր է ձևավորել․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպմանն ընդառաջ՝ շեշտելով, որ Ադրբեջանի գործողությունները ոչ նպաստավոր միջավայր են ձևավորել, և «ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»։

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»։

Կարդացե՛ք՝

Արցախում զինծառայող է զոհվել՝ Արտյոմ Վազգենի Խաչատրյանը

Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրում են իրավիճակը սրելու մեջ

Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպման վայրը հստակեցված չէ, ըստ Պետքարտուղարության

Մեկնաբանել