Քոչարյանի գործ. Սեդա Սաֆարյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Մարտի 1-ի անջատված գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չի հայտնի: Դատավորին գործից հրաժարվելու միջնորդություններ էին ներկայացրել այս գործով մեղադրյալներ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանները: Դանիելյանը մերժեց այս միջնորդությունները:

Այնուհետև դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը: Նա իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ դատավորը նշանակվել է Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, Մարտի 1-ի ցուցարարների գործով կայացրել է մեղադրական ուղղվածության որոշումներ:

Սաֆարյանը պնդեց, որ դատավորը Ռոբերտ Քոչարյանի «իշխանության պաշտպանն է եղել երկար ժամանակ» ու չի կարող այս գործը քննել:

Դատախազները չմիացան Սաֆարյանի միջնորդությանը:

Վերաքննիչ դատարանում քննվում է այս գործով մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բերած բողոքը: Նրանք վիճարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և գործը կարճելու վերաբերյալ:

Գևորգ Թոսունյան

Դիտեք նիստի ուղիղ հեռարձակումը

Մեկնաբանել