Գուցե թալիշների, լեզգիների, քրդերի պատվիրակությունը պետք է գա առանձին, Բաքվինը՝ առանձին․ Փաշինյան

Հայկական կողմերի համար տարբերություն չկա, թե ինչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը բանակցություններին․ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, որ եթե Ադրբեջանը հայտարարի, թե համաձայն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ այն դեպքում, եթե բանակցություններին մասնակցի նաև արցախյան ադրբեջանական համայնքը, վարչապետը նշել է. «Ես ի սկզբանե ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ անունից և չեմ կարող բանակցել Արցախի հանրապետության անունից, որովհետև Արցախի նախագահը չեմ: Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի նրա կողմից ընտրված ներկայացուցիչը»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ կազմն առաջ կբերի հարցեր: «Մեր պարագայում այդպիսի հարցեր առաջ չեն գա, քանի որ կա Հայաստանի պատվիրակություն, որն ունի իր ներկայացուցիչը, և կա Ղարաբաղի պատվիրակություն` իր ներկայացուցչով: Արցախի Հանրապետության ներկայացուցիչն է միայն իրավասու ներկայացնել Արցախի բոլոր քաղաքացիներին, եթե Ադրբեջանի նախագահն իրավասու չէ ներկայացնել իր երկրի բոլոր քաղաքացիներին և դրա համար այդ քաղաքացիների խմբերը պետք է գան բանակցություների, թող գան, բայց այդ դեպքում հարցեր կծագեն, իսկ գուցե թալիշների, լեզգիների, քրդերի պատվիրակությունը պետք է գա առանձին, Բաքվինը՝ առանձին և այսպես շարունակ»,- շեշտել է նա:

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանում ընդունված է ասել «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», սակայն այդ համայնքի ներկայացուցիչները բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի խորհրդարանական, նախագահական ընտրություններին․ «Հետևաբար նրանք արդեն ներկա են բանակցային սեղանի շուրջ, որովհետև նրանք, մասնակցելով ընտրություններին, ընտրել են Ադրբեջանի նախագահին որպես իրենց ներկայացուցիչ բանակցային գործընթացում: Նկատի ունեմ հենց այսօր Ղարաբաղի, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել, «ադրբեջանական համայնքի» ներկաացուցիչները ներկա են բանակցային գործընթացին` ի դեմս իրենց ներկայացուցիչ Իլհամ Ալիևի»։

«Եթե ադրբեջանական կողմից մասնակցում է թե նախագահը, թե այդ համայնքի ներկայացուցիչը, այստեղ լեգիտիմության հարց է ծագում: Կստացվի, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Այստեղից հարց է ծագում՝ արդյոք միայն ա՞յդ համայնքի ներկայացուցիչներին է, որ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնել, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ լիազորություն չունի ներկայացնելու, կամ Կիրովաբադի, կամ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին»,- շարունակել է վարչապետը։

Կարգավորման բանակցությունների մասին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին»։

Արցախի ղեկավարությանը բանակցությունների փաթեթը փոխանցելու մասով Փաշինյանը մասնավորապես նշել է․ «Այն բանակցությունների փաթեթը, որը գոյություն է ունեցել, և ես որպես ժառանգություն եմ ստացել, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին` իմանալով, որ նրանք դրանից չունեն»։

Ինչ վերաբերում է արցախյան կողմի հերքմանը, թե միշտ էլ տեղյակ են եղել, վարչապետն ասել է․ «Հիմա ասում են, թե տեղյակ են պահել, չեն պահել։ Տեղյակ պահելու տարբեր ձևեր կան: Հանրությունն էլ է տեղյակ եղել, այդ հանդիպումները թաքուն չի եղել, բոլորն իմացել են, որ այդ բանակցությունները կան, տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև»:

«Ես կարծում եմ, որ գաղտնիությունը, բառի ընդհանրական իմաստով, տեղին չէ տվյալ դեպքում, որովհետև սա համազգային հարց է և այդ բանակցություններին հնարավորինս շատ մարդ պետք է տեղյակ լինի: Ես շարունակում եմ պնդել, որ իշխանությունները, կառավարությունը կարող են հակամարտության կարգավորման տարբերակներ առաջարկել, եթե պարզվի, որ բանակցային սեղանի շուրջ ձևավոևվել է շատ թե քիչ ընդունելի մոդել, բայց այդ մոդելի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի ժողովուրդը, ընդ որում` ուզենք, թե չուզենք»,- նշել է գործադիրի ղեկավարը ու հավելել, որ «եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ կարող է կիրառվել, որը ժողովրդի համար ընդունելի չէ, դա ուղղակի պարզ միամտություն է»:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել