ՀՅԴ, Կոմկուս, ՀՀՇ, ՀՀԿ, ՔՊ. Հայաստանի (1918-2019) իշխանական կուսակցությունները

Վերջին 100 տարիների ընթացքում (1918-2019) Հայաստանում իշխանական հինգ կուսակցություն է եղել, որոնք հանրապետությունը ժամանակ առ ժամանակ ղեկավարել են նաև կոալիցիոն գործընկերների հետ:

1918-1920/21 թվականներին Հայաստանի Հանրապետության իշխանական կուսակցությունը եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ ՀՅԴ-ն: Ավելի քան երկուսուկես տարիների ընթացքում ՀՅԴ-ն կառավարել է միայնակ կամ կոալիցիա կազմել Հայ ժողովրդական կուսակցության և Սոցիալիստ հեղափոխականների՝ Էսեռների հետ: Բոլոր չորս վարչապետերը՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան և Սիմոն Վրացյան, եղել են երևելի դաշնակցականներ: ՀՀ-ում 1918-20/21 թթ. չի եղել նախագահի պաշտոն, հանրապետությունը եղել է խորհրդարանական/վարչապետական մոդելի:

1920/21-1990 թվականներին, ուղիղ 70 տարի, Խորհրդային Հայաստանում եղել է կոմունիստական մենիշխանություն: Խորհրդային Հայաստանը 1920/21-1922 թթ. եղել է իրավաբանորեն անկախ, փաստացի Մոսկվայի կողմից կառավարվող, իսկ 1922-ի դեկտեմբերի 30-ից՝ սոցիալիստական հանրապետություն ԽՍՀՄ կազմում: Փաստացի, թիվ մեկ պաշտոնյան Հայկոմկուսի առաջնորդն էր, որին նշանակում էր Մոսկվան:

1990-1998 թվականներին Հայաստանի իշխանական կուսակցությունը եղել է Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն: Այս շրջանում Հայաստանի առաջնորդը՝ նախ խորհրդարանի նախագահը, ապա հանրապետության նախագահը, եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջին եղել է ՀՀՇ-ի հիմնադիրներից և այդ կուսակցության անդամ:

1998-2018 թվականներին Հայաստանի իշխանական կուսակցությունը եղել է ՀՀԿ-ն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Քսան տարիների ընթացում մի քանի այլ կուսակցություններ մաս են կազմել կոալիցիոն կառավարութուններին, այդ թվում՝ ՀՅԴ-ն, Օրինաց երկիրը, Բարգավաճ Հայաստանը:

1998-2008 թվականների Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի եղել ՀՀԿ անդամ: Նա հայտարարում էր, որ իր կուսակցությունը իր ժողովուրդն է: Քոչարյանը ԼՂԻՄ-ում եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 80-ականների վերջերից անդամակցել ՀՀՇ-ին:

2008-2018 թվականների Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ին անդամակցել է 2006-ին: Մինչ այդ, ԼՂԻՄ-ում նա եղել է կոմունիստական կուսակցության անդամ, ապա ՀՀՇ-ի:

2018-ի մայիսից Հայաստանի իշխանական կուսակցությունը Քաղաքացիական պայմանագիրն է՝ ՔՊ-ն, որի հիմնադիրներից է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության պաշտոնական կայքում՝ վարչապետ Փաշինյանի կենսագրականում նշված է, որ նա 2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ, նույն տարվա խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008-ի նախագահական ընտրություններում՝ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: 2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2013-ին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը:

Հայաստանի կառավարությունը 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո փաստացի միակուսակցական է: 2018-ի մայիսից մինչև հոկտեմբեր կառավարությանը մաս են կազմել Բարգավաճ Հայաստանը և ՀՅԴ-ն:

Մեկնաբանել