«Ղազախստան․ զանգվածային ձերբակալություններով իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը»․ Eurasianet

Ղազախստանում հունիսի 9-ին տեղի են ունեցել նախագահական արտահերթ ընտրություններ, որոնցում հաղթել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ մոտ 71 տոկոս ձայներով։ Ղազախստանի հիմնադիր նախագահ, 78-ամյա Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական էր տվել մարտին։ Հունիսի 9-ի ընտրություններն ուղեկցվել են բողոքի ակցիաներով, որոնց արդյունքում կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Eurasianet կայքը «Ղազախստան․ զանգվածային բերման ենթարկումներով իշխանությունները մոլորեցնում են հասարակությանը» վերնագրով հոդված է հրապարակել վերջին օրերին Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին։ Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացրած է ստորև։

Ոստիկանությունը և դատախազությունը պնդում են, որ ցույցերը բռնի բնույթի են կրել, և իրենք ոչ ոքի բերման չեն ենթարկել։

Ղազախստանի իրավապաշտպան մարմինները անցած շաբաթվա հակաիշխանական ցույցերի դիմակայությունը ներկայացնող օրագիր են ներկայացրել, որտեղ իրենք իրենց գերազանց են գնահատել։

Սակայն ոստիկանության կողմից ցրվող բազմաթիվ խաղաղ ցույցերի վկաները (այդ թվում նաև՝ Eurasianet.org-ի թղթակիցները), ինչպես նաև ՄԱԿ-ը չեն հավատում իրավապաշտպան մարմինների ներկայացուցիչների հավաստիացումներին։

«Անօրինական ակցիաներին մասնակցելու համար դատարանի կողմից վարչական տույժի է ենթարկվել 957 անձ։ Նրանցից 670-ը ձերբակալվել է, 115-ը՝ տուգանվել, 172-ը՝ նախազգուշացվել»,- հունիսի 13-ին լրագրողներին հայտնել է Գլխավոր դատախաղության ներկայացուցիչ Սապարբեկ Նուրեիսովը։

Հարցը, թե արդյոք այդ թվերը արտացոլո՞ւմ են իրականությունը, մնում է բաց, բայց ամենաշատը հարցերի տեղիք են տալիս կատարված ձերբակալությունների մասին իշխանության մեկնաբանությունները։

Առաջին հերթին, ոստիկանությունը ժխտում է, որ բոլորին անխտիր բերման է ենթարկել։

Բայց Eurasianet.org-ի թղթակիցները Ալմաթիում վկա են եղել, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները անցած մի քանի օրերին քարշ տալով տարել քաղաքացիական ակտիվիստներին, իրադարձություններին պարազապես կողքից հետևողներին, ինչպես նաև հավատարմագրված լրագրողներին ու պատահական անցորդներին։

Ներքին գործերի նախարարությունը ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ հունիսի 12-ի ցույցի ժամանակ ընդհանրապես ոչ ոք չի ձերբակալվել։

Բայց ինչպես երևում է վերևում հրապարակված նկարում, որն արվել է հունիսի 12-ին, դա կատարյալ սուտ է։

Հակակառավարական ցանկացած ակցիայի նկատմամբ Ղազախստանի կոշտ դիրքը չի վրիպել միջազգային կազմակերպությունների ուշադրությունից։ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Ռիչարդ Կոմենդան իշխանության կողմից խաղաղ ցույցեր անցկացնելու արգելքը անվանել է «չափազանց ցավալի»։

«Կարծիքների ազատ արտահայտումը և խաղաղ հավաքների ազատությունը հաջողակ և դինամիկ հասարակության սյուներն են։ Դրանց սահմանափակման ցանկացած ոչ անհրաժեշտ և առանց հիմնավորման փորձ վտանգ է ներկայացնում կայունության և հասարակության համախմբվածության համար»,- ասել է նա։

Կոմենդայի խոսքով՝ իր կազմակերպությանը տեղեկացրել են «բազմաթիվ արագացված դատաքննությունների մասին, որոնք կատարվել են ոստիկանական բաժանմունքներում, գիշերով և շատ դեպքերում՝ առանց իրավաբանի մասնակցության»։

Իրենց անբողոքարկելի վերաբերմունքը իշխանությունները արդարացնում են օրենքով, որի համաձայն` չարտոնված ակցիաներին մասնակցելը վարչական խախտում է։ Բացառված չէ նաև քրեական հետապնդումը, քանի որ իշխանությունները ձգտում են ցույցերի մասնակիցներին նույնացնել Ղազախստանի ժողովրդավարական ընտրության համախոհների հետ (արգելված քաղաքական միավորում, որն ստեղծել է Ղազախստանի իշխանության գլխավոր թշնամի, երկրից արտագաղթած Մուխտար Աբլյազովը․ վերջինս չի թաքցնում ներկայիս վարչակարգը տապալելու իր ցանկությունը):

Սակայն հայտնի չէ, թե քաղաքացիների որ մասն է ակցիաներին մասնակցում Աբլյազովի դրդմամբ և որ մասը՝ գործող կարգերի դեմ իր դժգոհությունը արտահայտելու համար։ Բոլոր ընդդիմադիր կուսակցություններին զրկել են գրանցումից կամ հայտարարել են օրենքից դուրս, ինչը սահմանափակել է մարդկանց՝ իշխանությունների քաղաքականության մասին իրենց դիրքորոշումը արտահայտելու հնարավորությունը։ Լրագրողներին, որպես կանոն, չի հաջողվում ցույցերի մասնակիցների հետ խոսել վերջիններիս քաղաքական հայացքների մասին, քանի որ ոստիկանները բերման են ենթարկում նրանց ակցիայի անցկացման վայրում հայտնվելուց հետո վայրկյանների ընթացքում։

Բողոքի մի քանի ակցիաներին, որոնց ներկա են եղել Eurasianet.org-ի թղթակիցները, գրեթե բոլոր ցուցարարները խաղաղ կեցվածք են դրսևորել, իսկ ձեռքներում թերևս միայն փոքրիկ շշեր և փչովի գնդակներ են եղել։

Սակայն հունիսի 12-ին գլխավոր դատախազությունը YouTube-ում տեսանյութ է հրապարակել՝ փորձելով վերջին օրերի դեպքերը մեծամասամբ որպես բռնի ակցիաներ ներկայացնել։ Այդ տեսանյութում՝ հատուկ ձևով կտրած կադրերով, որոնք ուղեկցվում են դրամատիկ երաժշտությամբ և «առանց մեկնաբանության» գրառմամբ, մեկնաբանը դիտողներին կոչ է անում «ուշադրություն դարձնել քարեր նետող սադրիչներին»։ Ընդ որում՝ չի հստակեցվում՝ որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են նկարահանվել այդ կադրերը։

Թարգմանեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել