Իսպանիայի հավաքականի հայտնի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Հայաստանում է։ Դել Բոսկեն նախատեսում է հանդիպում-դասախոսություն ունենալ ֆուտբոլի հայ մարզիչների հետ, կիսվել իր փորձով։ Դասախոսությունից առաջ իսպանացի մարզիչը հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց նրանց հարցերին։
Դել Բոսկեն նախ շնորհավորեց Հայաստանի հավաքականի՝ Եվրոպայի առաջնության որակավորման փուլում վերջին երկու հաղթանակների կապակցությամբ։
Նա ասաց, որ եկել է հայ մարզիչների հետ կիսվելու իսպանական փորձով։
Հարցին, թե, ըստ նրա, ունի արդյոք Հայաստանի հավաքականը պոտենցիալ, որպեսզի պայքարի Եվրո 2020-ի ուղեգրի համար, Դել Բոսկեն պատասխանեց․ «Քանի որ առաջիկա երկու հանդիպումները շատ կարևոր են լինելու Հայաստանի համար, այս երկու հաղթանակները, կարծես, մի փոքր հանգստացրին և վստահություն ներշնչեցին հավաքականին, և դա շատ կարևոր է: Այժմ արդեն պետք է ազգային հավաքականից պահանջել առաջիկա հանդիպումներում հաղթանակ։ Դասախոսության ընթացքում կփորձեմ հայ մարզիչներին փոխանցել իսպանական փորձը»։
Վիսենտե Դել Բոսկեն իսպանացի հայտնի մարզիչ է։ 2008-2016 թթ․ նա գլխավորել է Իսպանիայի հավաքականը։ Նրա գլխավորությամբ հավաքականը 2010-ին նվաճել է աշխարհի, իսկ 2012-ին՝ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները։
Սաթենիկ Հակոբյան