Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ չի ներկայացել հարցաքննության

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հունիսի 18-ին դարձյալ չի ներկայացել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Գագիկ Ծառուկյանը որպես վկա պետք է հարցաքննվի Աբովյանի ընտրություններին նախորդած՝ քաղաքի բնակիչ 46-ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող մեքենայի և բնակարանի հրկիզման գործով։ Անցյալ շաբաթ Ծառուկյանը չէր ներկայացել հարցաքննության՝ պատռելով ծանուցագիրը։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ՍիվիլՆեթի հարցադրմանը՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը որպես վկա ներկա է եղել միջադեպին, պատասխանեց, որ «վկա լինելը չի նշանակում գործին ականատես լինել»։

«Որ ասում ենք վկա, դուք առաջին հերթին պատկերացնում եք մարդ, որն ականատես է եղել, բայց այդպես չէ։ Ուզում եմ նշել, որ նախաքննական մարմինն ինքն է որոշում քրեական գործի շրջանակներում իր համար հետաքրքրություն ներկայացնող անձանց շրջանակը։ Այս դեպքում պարոն Ծառուկյանը գործի շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող անձ է, այդ պատճառով իրեն է ծանուցագիր ուղարկվել»,-նշեց խոսնակը։

Քննչական կոմիտեն ունի՞ իրավասություն բերման ենթարկելու Գագիկ Ծառուկյանին․ այս հարցին Նաիրա Հարությունյանը պատասխանեց․ «Ուզում եմ նշել, որ բերման ենթարկելու գործում որևէ հակաօրինական քայլ չկա և չի լինի, եթե քննչական կոմիտեն որոշի պարոն Ծառուկյանին բերման ենթարկել»։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի խոսքով՝ հստակ ժամանակահատված որպես այդպիսին սահմանված չէ, թե քանի անգամից հետո պետք է վկային բերման ենթարկել․ «Հաշվի առնելով, որ վերջինս պատգամավոր է, այլ միջոցներ կան, որ կոմիտեն կարող է ձեռնարկել»։

Նա հավելեց, որ քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու վերաբերյալ իր գործողությունների մասին հանդես կգա հայտարարությամբ։ Ըստ Նաիրա Հարությունյանի՝ քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են տասնյակից ավել անձինք, որոնց ցանկը հրապարակման ենթակա չէ։

Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծանուցագիրը պատռելուն՝ Ծառուկյանը նշել է, որ «չպետք է դներ շրջանակի մեջ կամ կախեր Այվազովսկու նկարի կողքին»: Ծառուկյանը հայտարարել է, որ ծանուցագրին պատասխանել է իր փաստաբանի միջոցով, քանի որ «բոլորն օրենքի առաջ հավասար են, և բոլորը լիարժեք պետք է հարգեն օրենքը»։

Պատրաստեց Գեղեցիկ Ոսկանյանը

Մեկնաբանել