«Կդատվի Քոչարյանը, թե՝ ոչ, իմ որդին էլ հետ չի գա». Մարտի 1-ի զոհերի ծնողները՝ դատարանում

Մարտի 1-ի զոհերի հարազատներն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում էին։ Մեղադրող կողմի, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքի քննության շրջանակներում նրանք կարծիք հայտնեցին՝ միանալով բերված բողոքներին։ Այսօր դատարանում չէր Վահե Գրիգորյանը, որը հունիսի 18-ին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր․ նրա բողոքը ընթերցեց Սեդա Սաֆարյանը, այնուհետև ներկայացրեց սեփականը։

Ելույթներ ունեցան զոհերի հարազատները։ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, մատնացույց անելով Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին, ովքեր դրսում բողոքի ակցիա էին իրականացնում, ասաց. «Իմ որդուն 33 տարեկան հասակում գնդակահարեցին, իր և ժողովրդի ազատության համար։ Ձայներ եմ լսում՝ «Քոչարյան հերոս», հերոսը ես եմ, որ ունեի հինգ երեխա, որոնք մասնակցել են Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանությանը, ես երանի կտայի, որ նրան խփեին Ղարաբաղի սահմանում, ոչ թե Հայաստանի կենտրոնում,- ասաց նա և հարց բարձրացրեց,- Ո՞վ է պատասխան տալու տասը զոհերի համար, վերջը մեկը պե՞տք է պատասխան տա։ Ռոբերտ Քոչարյանը գոնե մի անգամ նենց սթից գոնե հայտարարություն աներ զոհերի ծնողների նկատմամբ, գոնե մեկ անգամ»։

Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրը՝ Ջեմմա Վարդումյանը, ասաց, որ առ այսօր իր համար անհասկանալի են որդու սպանության դրդապատճառները:

«Դավիթ Պետրոսյանը աշխատել է ոսկու շուկայում, նրան կանչել են ցույցի տեղը, նրան խփել է ներքին զորքերի աշխատող։ Դավիթ Պետրոսյանին սպիտակ «Նիվա»-ով հիվանդանոց տանող այդ երեք անձնավորությունները, որոնք կանչել են ցույցի տեղը, գործում չկան, նրան տարել են հիվանդանոց ու թողել գնացել, հաջորդ օրը ես իմացել եմ, որ իմ տղաս խփվել է։ Առ այսօր բացարձակապես տեղեկություն չկա, թե ովքեր են նրան կանչել ցույցի տեղը, ինչպե՞ս եղավ, որ ներքին զորքերի աշխատողը երկու մետրից նրան տեսավ ու կրակեց»,- ասաց զոհվածի մայրը և վերջում միացավ Սեդա Սաֆարյանի բողոքին։

Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ևս միացավ բերված բողոքներին, նա մինչ այս ելույթ էր ունեցել և դիմել էր Ռոբերտ Քոչարյանին։

Քլոյանը հիշեց, որ 2008-ի մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ և նկատել է, որ երեկոյան ժամը 21:00-ին «սադրիչները ջարդուփշուր արեցին Մոսկվայի տունը, որ Ռուսաստանին ցույց տան, թե ընդդիմությունը հակառուսական քաղաքականություն է վարում»։ Քլոյանը հավելեց. «Եթե ընդդիմությունը գնում էր հեղափոխության, ինչո՞ւ որսորդական խանութը չէր կոտրում ու զենքերը վերցնում, ինչո՞ւ քաղաքապետարանի շենքը չէր ջարդում։ Ժամը 21։10 զանգահարել եմ իմ տղային, վերցնող չկար, վերջապես վերցրեց մի աղջիկ ու ասաց, որ ում զանգում եմ, նա գտնվում է վիրահատարանում։ Ես այդ օրը գնացի Զաքյան փողոց, անցա փշալարերը, մոստի [կամուրջ – Գ․Թ․] վրա տեսա արյան լճակ, էդ արյան լճակը ինձ քաշեց, գնացի կանգնեցի այդ լճակի վրա, երեք ամիս հետո քննիչն ասաց, որ դա իմ երեխայի արյունն է եղել»։

Քլոյանը հիշեց, որ այդ օրը տեսել է՝ ինչպես են դիպուկահարները վերևից կրակում. «Իմ տղային խփել են 40մ հեռավորության վրա 90 աստիճանի անկյան տակ, ես երեք անգամ գրավոր դիմել եմ՝ ո՞վ է անմիջապես սպանել իմ տղային ու ո՞վ է նման հրաման տվել, ինձ քննիչն ասել է, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով ձեր տղաները սպանվել են, ասել եմ՝ հարգելի քննիչ, եթե չգիտես՝ ով է սպանել, ինչ գիտես՝ զենքը անզգույշ է օգտագործվել, թե՝ ոչ։ Ես կարծում եմ, որ հրաման է եղել՝ ստույգ կրակեն, որ արտակարգ դրություն մտցնի Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Քլոյանը։

Սամվել Հարությունյանի հայրը կարծիք հայտնեց՝ եթե 2008-ին «չտապալվեր սահմանադրական կարգը, զոհեր չէին լինի», նա դատարանից խնդրեց, որ օբյեկտիվ դատավարություն իրականացնի։

Մարտի 1֊ի զոհերից՝ ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը բավական հուզված էր, նա ասաց՝ իր համար «միևնույնն է՝ կդատվի Քոչարյանը, թե ոչ, քանի որ իր որդուն այլևս հետ չեն բերի»։

«Ո՞վ կրակեց իր զինվորի վրա, Լեոյի փողոցի վրա ո՞վ կար, որ իմ երեխուն խփեցին, որ ապացուցեն, որ զորքի կողմից զոհեր կան ու հատուկ դրություն մտցնեն։ Ինձ համար հիմա միևնույնն է, իմ որդին հետ չի գա, նա ուսանող էր, մեծ ծրագրեր ուներ, կարող է ձեզ նման մեկի փոխարեն իմ որդին նստած լիներ այստեղ։ Ես այս 11 տարին չեմ կարողանում հասկանալ, թե ինչու։ Իմ ամուսինը չդիմացավ ու երկրորդ տարում մահացավ, ես մինչև հիմա պայքարում եմ։ Ինձ պատասխանեք՝ տեսնեմ, ով կպատասխանի՝ ինչի համար զոհվեց իմ որդին»։

Հովհաննես Հովհաննիսյանի կինը ասաց, որ իր ամուսինը նույն օրն է մահացել. «Այնքան անխիղճ գտնվեցին, որ զոհերի քառասունքը սարքեցին 36 օր, քանի որ Սերժն իր կեղտոտ ձեռքը պետք է դներ գրքի վրա [նկատի ունի նախագահի երդման արարողությունը – Գ.Թ.], ես մնացել եմ իմ երեխեքի հույսին, ինչո՞ւ համար, ամբողջ կյանքը նա պայքարել է, որ Ղարաբաղը մերy լինի, իսկ այսօր ինչի՞ է հասել, հուշարձանի՞, ինչի՞ համար։ Այսօր Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը գալիս, միջնորդություն են ներկայացնում։ Վկայություն պետք է ներկայացնեն, թե ոնց են զորքը իջացրել ներքև [ըստ մեղադրական եզրակացության Արցախի ՊԲ-ից 2008-ին 1000-ից ավելի զինծառայողներ են տեղափոխվել ՀՀ և նրանց տվել են ՊՆ տարբերանշաններ – Գ.Թ.]»։

Գրիգոր Գևորգյանի այրին ասաց, որ իր ամուսինը սպանվել է Լեոյի խաչմերուկում՝ դիպուկահարի կողմից. «Իմ երեխաների մանկությունը խլեցին, էդ նկարը, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս էր եկել ու նրա թոռները հիանում էին․․․ Իմ 15 տարեկան երեխան ասաց՝ թող իմ հայրն էլ նստած լիներ, հետո ազատվեր, ես էլ սենց փաթաթվեի իմ հորը»։

Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվում է դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ։ Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը կայացրել էր երկու որոշում, առաջինով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի այս երկու որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել