Լևոն Քոչարյանին հուզել են Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթները

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, հուզվել է՝ լսելով Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթները դատարանում։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նա մասնակցում էր Մարտի 1-ի անջատված գործով վերաքննիչ բողոքների քննության նիստին։

«Ես ինքս արդեն հինգ տարի է՝ երեխա ունեմ ու հասկանում եմ՝ ինչ ծանր կարող է լինել չունենալ ու կորուստը՝ հատկապես նման հանգամանքներում։ Անկեղծ՝ շատ հուզվեցի և հասկանում եմ մարդկանց վիշտը, որ էս տարիների ընթացքում այդ ամենը չի բացահայտվել, ու կիսում եմ այդ զգացողությունները»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։

Նա նաև անդրադարձավ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթի այն հատվածին, որ 2007-2009-ին Ռոբերտ Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին փոխանցվել է 18 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. «Խոսքը եղբորս մասին է, դա ոչ թե գումար է փոխանցվել, այլ հաշվի շարժի մասին է։ Նախ ես շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց այդ միլիարդների կարծիքը. խոսվում է հարյուրավոր անգամներ ցածր գումարից։ Նա դա ասեց կաշառքի դրվագի հետ կապված, սակայն ոչ մի ձև այդ կապը չի հաստատվել, նման ցուցմունք էլ չկա»։

Մարտի 1-ի անջատված գործը, որով անցնում է նաև պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկայում Վերաքննիչ քրեական դատարանում է։ Գործը քննվում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը կայացրեց երկու որոշում, առաջինով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի այս երկու որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել