Զոհրաբ Մնացականյանն ու Ջոն Բոլթոնը քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:

ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին:

Զրուցակիցները հանդես են եկել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ:

Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել էր Ջոն Բոլթոնի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Մեկնաբանել