ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումներն ընդունել է քննության․ հայտարարություն

Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Մարտի 1-ի անջատված գործով ընդունել է Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումները։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.

1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության և գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

2. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերն ընդունել քննության, միավորել և միավորված գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:

3. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

4. «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»։

***

Մարտի 1-ի անջատված գործը, որով անցնում է նաև պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ներկայում Վերաքննիչ քրեական դատարանում է, սակայն դատարանի վարույթում են առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման վերաբերյալ բողոքները, մինչդեռ ՍԴ-ն վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումները, ևս մեկը և Յուրի Խաչատուրովի դիմումը մերժել է։

Վերաքննիչում առաջին ատյանի որոշումների վերաբերյալ բերված բողոքները քննում է դատավոր Արմեն Դանիելյանը։ Այս տարվա մայիսի 18-ին և 20-ին առաջին ատյանի դատարանը կայացրեց երկու որոշում, առաջինով՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, իսկ երկրորդով Մարտի 1-ի գործի վարույթը կասեցվել էր ու գործն ուղարկվել էր Սահմանադրական դատարան։ Դատարանի այս երկու որոշումները վերաքննիչում վիճարկում է մեղադրող կողմը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։ Դատարանն իր որոշումը կհրապարակի հունիսի 25-ին։

ՍԴ-ն մինչ այս տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել