Բիձինայի Վրացական երազանքը՝ ներսի ու դրսի հարվածների տակ

Կովկասյան JAMnews կայքի խմբագիր Դմիտրի Ավալիանին Մոսկվայի Կարնեգի կենտրոնի հրապարակել է վերլուծական հոդված՝ «Քաղաքական ճգնաժամ Վրաստանում․ հարվածներ օլիգարխին՝ ներսից և դրսից», Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Ահագնացող ցույցերը և Պուտինի էմբարգոն Իվանիշվիլիին ու նրա կուսակցությանը տագնապալի դրության մեջ են դնում։ Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն մյուս տարի, և այսօր հավանականությունը, որ Իվանիշվիլիի իշխանությունը սրանով կավարտվի, ավելի մեծ է, քան մեկ շաբաթ առաջ։

Օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը Վրաստանում ընկել է այն թակարդը, որը տարիներ շարունակ ինքն իր համար լարել էր։ Վրաստանում հանկարծակի բռնկված քաղաքական ճգնաժամը միանգամից քանդեց երկու լեգենդները՝ ներքին քաղականության առանձնահատուկ մարդասիրության և Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման աննախադեպ հաջողությունների մասին, ինչի վրա հենվում էր Իվանիշվիլիի իշխանությունը։

Հունիսի 20-ի ցույցը, որը ինքնաբուխ սկսվել էր որպես բողոք Վրաստանի խորհրդարանի ամբիոնում ռուս պատգամավոր Գավրիլովի ներկայության դեմ, մայրաքաղաքի կենտրոնում իսկական կռիվ դարձավ, որի արդյունքում 200-ից ավելի մարդ վիրավորվեց։

Իրականում կոնկրետ պատճառը այդքան էլ կարևոր չէր։ Վաղ թե ուշ դա պետք է պատահեր։ Հարցն այն էր, թե երբ, և ինչը կդառնար առիթը։ Դժգոհությունը իշխանությունից, որը երկար ժամանակ հասարակության մեջ կաթիլ-կաթիլ հավաքվում էր և ելք չէր գտնում, դուրս հորդեց այս ձևով։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն էլ այստեղ բնավ գլխավոր գրգռիչը չէ։

Իշխանություն, որն «իր ժողովրդի վրա ձեռք չբարձրացրեց»

Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը ցույցերի դաժան ցրումը փակեց Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության կառավարման ժամանակաշրջանի մի ամբողջ էջ։ Եթե առաջ ռեժիմը դիրքավորվում էր որպես հարաբերականորեն «խոտակեր»՝ ի տարբերություն 2003-2012-ի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության, ապա հիմա այդ լեգենդի վերջը եկել է․ դաժանությունով նոր իշխանությունները եթե չեն գերազանցում նախորդներին, ապա ոչ մի բանով չեն էլ զիջում։

Բայց մի երկրում, որի անկախությունը սկսվում է 1989-ի ապրիլի 9-ի ողբերգությունից, երբ խորհրդային զորքերը խաղաղ ցույցը ցրեցին և 21 մարդու սպանեցին, վերաբերմունքը ցույցերի ցրման թեմային շատ զգացմունքային է։ Սաակաշվիլին ձախողվեց մեծապես նաև այն պատճառով, որ նրան չներեցին 2007-ի նոյեմբերի 7-ի և 2011-ի մայիսի 26-ի ցույցերի ցրումը։

Այս անգամ ուժային կառույցները ցուցաբերեցին չարդարացված դաժանություն՝ հեռանալով իրենց առաջադրանքի շրջանակից, այն է՝ թույլ չտալ ցուցարարներին խորհրդարանի շենքի բակ մտնել։ Նրանք ամբողջ փողոցը մաքրեցին և փախչող ցուցարարներին հետևեցին՝ ռետինե փամփուշտներով ուղիղ մարդկանց դեմքերին կրակելով։

Մինչև հիմա պարզ չէ, թե ինչու իշխանությունը գնաց այդպիսի ինքնակործան քայլի։ Դատելով վարչապետ Մամուկա Բախտաձեի և «Վրացական երազանքի» այլ ներկայացուցիչների հայտարարություններից՝ նրանք սխալմամբ համարում էին, որ բազմահազարանոց, հիմնականում երիտասարդների մասնակցությամբ ցույցը կազմակերպել էր Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունը։ Այդպիսի մոտեցման սխալականությունը հաստատվեց հաջորդ օրը, երբ ցույցին առանց «Ազգային շարժում» կուսակցության որևէ միջամտության ավելի շատ մարդ եկավ, քան նախօրեին։

Իվանիշվիլին և Ռուսաստանը

Ռուսաստանում 90-ականներին միլիարդի կարողություն վաստակած Բիձինա Իվանիշվիլին, 2011-ին քաղաքականության մեջ հայտնվելով, իր հռետորաբանության գլխավոր նպատակներից մեկը դարձրեց հենց Մոսկվայի հետ հարաբերությունների լավացումը՝ զուգահեռաբար գլխավոր նպատակ հռչակելով ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալու ձգտումը։

Իվանիշվիլիի հիմնական մեղադրանքներից մեկը նախագահ Սաակաշվիլիին այն էր, որ նա 2008-ին Ռուսաստանի հետ պատերազմ հրահրեց և իր անհեռանկար քաղաքականությամբ Վրաստանին զրկեց ռուսական շուկայից։

Իվանիշվիլիի օրոք Թբիլիսիի և Մոսկվայի միջև տնտեսական, մարդասիրական և մշակութային հարցերով բանակցություններ սկսվեցին (Աբաշիձե-Կարասին ձևաչափ), հաջողվեց վերսկսել գինու և գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ու տրանսպորտային կանոնավոր հաղորդակցությունը։ Ռուսաստանը թեթևացրեց, թեև չվերացվեց վիզային ռեժիմը։

Թբիլիսին և անձամբ Իվանիշվիլին նույնպես մեղմացրին Ռուսաստանի և նրա իշխանությունների հասցեին հռետորաբանությունը։ Անձամբ Իվանիշվիլին միշտ խուսափում էր Պուտինին հանրային քննադատելուց՝ նույնիսկ ակնհայտ հարցերում։

Ռուսաստանը բացեց իր շուկան Վրաստանի համար, սակայն արտահանման աճը, ինչպես նաև Վրաստանում ռուս զբոսաշրջիկների թվի աճը (երկու դեպքում էլ Ռուսաստանը Վրաստանում առաջին տեղում էր) երկիրը վերադարձրին այն ժամանակներին, երբ Վրաստանը ծայրահեղ կախված էր Ռուսաստանից։

Սակայն քաղաքական առումով կողմերը ոչ մի քայլով չմոտեցան իրար։ Ռուսաստանը առաջվա նման պնդում էր, որ Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ են, իսկ Վրաստանը «պիտի ճանաչի նոր իրողությունները»։ Թբիլիսին իր հերթին պնդում է, որ Վրաստանում չի կարող լինել Ռուսաստանի երեք դեսպանություն՝ նկատի ունենալով, որ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական շրջանների ռուսական ճանաչումը ուժի մեջ է։

Սակայն դա չխանգարեց, որ Վրաստանում Իվանիշվիլիի օրոք բուռն ծաղկեն ռուսական պետական ԶԼՄ-ները և ռուսամետ կազմակերպությունները՝ «Հերակլես II-ի հասարակություն», «Եվրասիական ընտրություն», ՌԴ կառավարությունից ֆինանսավորվող Պրիմակովի անվան ռուս-վրացական հասարակական կենտրոն և այլն։ Այդ տեսակի կազմակերպությունների գործունեությունը ուղղված է հիմնականում Վրաստանի՝ դեպի ՆԱՏՕ և ԵՄ կուրսի շեղման քարոզչությանն ու Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը։

Վրաստանում գնալով ավելի շատ միջոցառումներ էին անցկացվում ներկայացուցչական ռուսական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնցից մեկը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ճակատագրական նիստն էր՝ Սերգեյ Գավրիլովի մասնակցությամբ։

Փականների խցանում

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դիմտրի Պեսկովը Թբիլիսիում բողոքի ցույցը և դրան հաջորդող իրադարձությունները անվանեց «ռուսաֆոբ սադրանքներ», իսկ նախագահ Պուտինն արգելեց դեպի Վրաստան թռիչքները՝ իբր թե հանուն Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության։ Իրականում Վրաստանում գտնվող Ռուսաստանի դեռ ոչ մի քաղաքացի չի տուժել։ Վրաստանում փողոց դուրս եկած քաղաքացիները ապստամբում էին կառավարության ռուսամետ վերաբերմունքի ու նրա՝ երկու աթոռի նստելու անվերջ փորձերի դեմ՝ ինտեգրացիոն քաղաքականություն ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ և միևնույն ժամանակ ամենայնս Կրեմլին սիրաշահելու ջանքեր։

Տրամաբանական է, որ մինչ այդ հենց ապաքաղաքական երիտասարդությունն էր ցուցարարների հիմնական մասը․ Վրաստանի ներկայիս երիտասարդության զգալի մասն ընդհանրապես ծանոթ չէ Ռուսաստանին և նրա մասին միայն գիտի, որ զավթիչ է։ Առաջվա նման Վրաստանում սա ամենատարածված քաղաքական կարգախոսն է։ Երիտասարդության միայն փոքր մասն է խոսում ռուսերեն կամ շփվում ռուսների հետ, օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում աշխատողները։ Սակայն իրականում նրանցից ոչ ոք չի եղել Ռուսաստանում, այս սերունդը չունի խորհրդային ժամանակաշրջանից մնացած զգացմունքայնություն, և այդ երկրի մասին պատկերացում կազմում է՝ ելնելով տեղական և միջազգային մամուլից, ներքին քաղաքական իրականությունից և Մոսկվայի քաղաքականության վերաբերյալ իրենց հայացքներից։

Սակայն Վրաստանում ռուսական ազդեցության թեման հավանաբար ծառայել է որպես վաղուց հավաքված դժգոհության պայթյունի առիթ։ Դրա աճին կարելի է հետևել թեկուզ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումների միջոցով․ մարդկանց թիվը, որոնք կարծում են, թե երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, տարեցտարի աճել է և մայիսին ռեկորդային 46 տոկոս է կազմել։

Այն, որ «Վրացական երազանքը» արդեն այդքան էլ ժողովրդականություն չի վայելում, ցույց տվեցին նաև 2018-ի նոյեմբերի նախագահական ընտրությունները, երբ առաջին փուլում ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեն գործնականորեն նույն 40 տոկոսը ստացավ, ինչ իշխանական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին (Սաակաշվիլիի կառավարությունում արտաքին գործերի նախարար)։ Զուրաբիշվիլիին հաջողվեց հաղթել երկրորդ փուլում՝ միայն «Վրացական երազանքի» բոլոր ռեսուրսները կիրառելով։

Մայիսի 19-ի՝ մի քանի համայնքներում քաղաքապետերի միջանկյալ ընտրություններն էլ ցույց տվեցին դժգոհության աճը, չնայած, որ այդ ընտրություններում էլ բոլոր շրջաններում իշխող կուսակցությունը հաղթեց՝ այս անգամ էլ վարչական և ֆինանսական ռեսուրսների կիրառմամբ։

Փաստացի ընդդիմությունն այս պահին չի զբաղեցնում քաղաքապետի ոչ մի ընտրովի կամ քաղաքային խորհրդի («Սակրեբուլո») նախագահի պաշտոն։ Այսպիսով, Իվանիշվիլին իր կուսակցության միջոցով սեփական ձեռքում է կենտրոնացրել ամբողջ իշխանությունը՝ նույնիսկ տեղական մակարդակով։

Դատական բարեփոխումների բարդ գործընթացների արդյունքում Իվանիշվիլիի կուսակցությունը նաև օրինապահ դատավորների օգնությամբ աստիճանաբար բոլոր մակարդակների դատարանների վրա վերահսկողություն է սահմանում։ Իշխանության հենց այդպիսի «խցանումը», որը հակառակորդներին մոտ չի թողնում նույնսիկ փոքր դոզայով, ամենաշատն ազդում է իշխող կուսակցության ժողորդականության վրա և ստեղծել է շոգեկաթսայի էֆեկտ, երբ դժգոհությունը դուրս գալու ալիքների պակասի պատճառով պարզապես կաթիլ-կաթիլ հավաքվում է ներսում, իսկ դա նշանակում է՝ կաթսան վաղ թե ուշ կպայթի։

Իսկ պայթելու պատճառ կա․ տնտեսությունը փաստացի լճացման մեջ է՝ հատկապես համեմատած Սաակաշվիլիի նախագահության ժամանակվա բուռն աճի հետ։ 2018-ին տնտեսական աճը 4,8 տոկոս էր, Սաակաշվիլիի շրջանում աճի բարձրակետը 2007-ն էր՝ 12 տոկոս։ Երկրում միջին աշխատավարձը 2019-ին 1092 լարի է (մոտ 400 դոլար)։

Դրամատիկորեն աճում է նաև հանցագործությունների թիվը (2018-ին՝ 2017-ի համեմատ, 58 տոկոսով)։ Խնամի-ծանոթ-բարեկամությունը նորից պաշտոնական է դարձել, իսկ կոռուպցիոն սկանդալները՝ ամենօրյա երևույթ։ 2018-ին կաշառակերության համար բերման ենթարկվեց Զուգդիդիի՝ իշխող կուսակցության կողմից ընտրված քաղաքապետը, իսկ այս տարվա ապրիլին՝ կաշառառության համար՝ Բաթումիի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին քաղաքապետը և գործող քաղաքապետի տեղակալը։ Լրագրողները հայտնաբերել էին նախկին գլխավոր դատախազին պատկանող մեծաքանակ թանկարժեք անշարժ գույք, որի ծագումը ոչ ոք չփորձեց բացատրել։

Դժգոհության գլխավոր պատճառներից է իրավապահ համակարգի և դատարանների վիճակը։ 2018-ի մայիսին և հունիսին երիտասարդությունը զանգվածայնորեն դուրս էր եկել ցույցերի Թբիլիսիի գիշերային ակումբներում ոստիկանական ռեյդերի դեմ և ի պաշտպանություն Զազա Սառալիձեի՝ հասակակիցների հետ կռվում սպանված դեռահասի հոր։ Նրա սպանությունը չի հետաքննվել պատշաճ ձևով (ինչը ապացուցել է խորհրդարանի քննիչ հանձնաժողովը)։

Սակայն համակարգի գլխավոր թերությունը, թերևս,- որ ծնել է կուլիսների հետևից ղեկավարող օլիգարխ Իվանիշվիլին,- այն է, որ կառավարության անդամները և պատգամավորներն ակնհայտորեն իրենք իրենց ժողովրդին հաշվետու չեն համարում։ Նրանք հաշվետու են միայն մեկ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիին։

«Վրացական երազանքը» հունիսի 21-ին խորհրդարանի խոսնակի հրաժարականով փորձեց ցրել ցույցերը: Սակայն դա նրանց այդքան էլ չօգնեց։

Փշրված երազանք

Հունիսի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են թռիչքները դեպի Վրաստան։ Պուտինը համարյա կրկնեց իր՝ 13 տարի առաջ կայացրած որոշումը, երբ 2006-ին Թբիլիսիում Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության սպաների ձերբակալման պատճառով Վրաստանի բոլոր տեսակի արտադրանքների վրա խիստ Էմբարգո կիրառվեց և դադարեցվեց այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցությունը։ Պուտինի ներկայիս որոշումը սպառնում է եկամուտների կորուստով՝ առաջին հերթին Վրաստանում զբոսաշրջության ոլորտում աշխատողներին, ինչը անխուսափելիոն կարտացոլվի տնտեսության, ազգային արժույթի փոխարժեքի և այլ բաների վրա։

Ծավալվող ցույցերը և Պուտինի էմբարգոն Իվանիշվիլիին ու նրա կուսակցությանը ծայրահեղ դրության մեջ են դնում։ Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն մյուս տարի, և այսօր հավանականությունը, որ Իվանիշվիլիի իշխանությունը սրանով կավարտվի, ավելի մեծ է, քան մեկ շաբաթ առաջ

Վրաստանին այդպիսի ցուցադրական պատժամիջոցների ենթարկելով՝ Պուտինը չէր կարող չգիտակցել, որ իր քայլը ավելի կդժվարացնի ճգնաժամի հետևանքները «Վրացական երազանքի» համար․ տնտեսական խնդիրները կարող են առաջ բերել այլ բողոքներ։ Դա ավելի կվնասի երկար տարիներ Ռուսաստանի նկատմամբ դե ֆակտո ամենաբարեկամական կառավարության դիրքերը։ Սա կա՛մ հեռատեսության բացակայություն է, կա՛մ էլ հույս, որ բնակչության տնտեսական շահագրգռվածության պատճառով ցույցերը կմարեն մինչև տնտեսական կորուստներ ունենալը։ Կամ Կրեմլը այլևս չի ուզում օգնել «Վրացական երազանքին», որը չի արդարացրել մեծ վստահությունը և ըստ արժանվույն չի պատժել ռուսատյացներին։

Ծավալվող ցույցերը և Պուտինի էմբարգոն Իվանիշվիլիին ու նրա կուսակցությանը ծայրահեղ դրության մեջ են դնում։ Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան արդեն մյուս տարի, և այսօր հավանականությունը, որ Իվանիշվիլիի իշխանությունը սրանով կավարտվի, ավելի մեծ է, քան մեկ շաբաթ առաջ։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Մեկնաբանել