Հնարավո՞ր է արդյոք ԼՂ հակամարտության տրանսֆորմացիան

2018-ի ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո հայ-ադրբեջանական շփումներում որոշ տեղաշարժեր եղան, որոնք հույս ներշնչեցին հակամարտության տրանսֆորմացիայի կամ փոխակերպման մասին։ Նախ, կողմերի միջև հաստատվեց օպերատիվ կապ, վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հոկտեմբերին խաղաղության ուղերձ հղեց։ Բացի այդ, հակամարտության հռետորաբանության խորապատկերում ուշագրավ էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ խաղաղության որևէ պլան պետք է ստանա Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի հասարակությունների համաձայնությունը։

Կոնֆլիկտների տրանսֆորմացիան հայեցակարգ է, երբ վերաձևակերպվում են խաղարարար նախաձեռնությունները քննարկելու և հետապնդելու միջոցները, հատկապես՝ էթնիկական հակամարտությունների պարագայում։ Ավանդաբար շեշտը դրված է եղել հակամարտությունների կարգավորման և կառավարման մեթոդների վրա, որոնք ուղղված են նվազեցնել և մարել թշնամանքի դրսևորումները։ Կոնֆլիկտների տրանսֆորմացիան, ընդհակառակը, ավելի մեծ շեշտ է դնում հակամարտության հիմքում ընկած գործոնների վրա։

Ներկայում, սակայն, կոնֆլիտի տրանսֆորմացիան կասկածի տակ է դրվում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացումն ու արձանագրված զոհերը։

«Ես չեմ համարում, որ ներկայում կոնֆլիկտի տրանսֆորմացիա է տեղի ունենում հօգուտ խաղաղության՝ կոնֆլիկտի ողջ տարածքում և բոլոր գործող անձանց տեսակետից»,- ասում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը աշխատում է նախորդ իշխանություններից տարբերվող մոտեցում ցուցաբերել կոնֆլիկտի նկատմամբ, ինչը չի անում Ադրբեջանը, քանի որ այնտեղ իշխանությունը չի փոխվել։

«Սա պարզապես դիվանագիտության, կոնֆլիկտի նկատմամբ ռազմավարության պետական մոտեցման փոփոխություն է կողմերից մեկի՝ միայն Հայաստանի կողմից: Որպեսզի դեպի խաղաղություն գնա հակամարտությունը, պետք է, որ կոնֆլիկտի բոլոր կողմերը միասին շարժվեն որոշակի ուղղությամբ, ինչպես ասում են՝ «տանգոն երկուսով են պարում»։

Գևորգ Տեր-Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի «վերելակային խոսակցությունից հետո» [2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Դուշամբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում վերելակում զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ – Գ.Թ.] նրանք համաձայնել էին դադարեցնել փոխհրաձգությունը շփման գծում, սակայն վերջերս կրկին որոշ ընդհարումներ եղան. «Վերջերս արդեն պարզ դարձավ, որ մեկ անձ սպանվել է հայկական կողմից, և, ըստ երևույթին, հայկական կողմը չակերտավոր վրեժ է առել ադրբեջանական կողմից։ Այստեղ ես ոչ մի ինստիտուցիոնալ վերափոխում չեմ տեսնում, բացի այն կամքից, որը դրսևորվում է հիմնականում հայկական կողմից»,- ասում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրենը։

Նա կարևոր է համարում քաղաքացիական նախաձեռնությունների՝ կողմերին երկխոսության հրավիրելու նախաձեռնությունները։ Տեր-Գաբրիելյանը գտնում է, որ հայ հանրությունը պետք է կողմնորոշվի՝ ինչ ճանապարհով է ցանկանում գնալ դեպի խաղաղության. «Դու կա՛մ ուզում ես հաղթել, կա՛մ ուզում ես խաղաղություն կնքել։ Մեր հանրությունը դեռ կողմնորոշված չէ՝ ինչպե՛ս վարվել, դեպի հաղթանա՞կ գնալ, թե՞ դեպի խաղաղություն, որը նորից հաղթանակ է, բայց ոչ ուժային միջոցով: Ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ «և՛ հայաստանյան, և՛ արցախյան, և՛ ադրբեջանական հանրությունները միասին պետք է հասնեն այդ խաղաղությանը»։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Միքայել Նահապետյանը նախ առաջարկում է հասկանալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառները.

«Կոնֆլիկտի պատճառը իրավունքների վիճարկումն է։ Կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ ունի իրավունքներ, որոնք խախտվում են՝ ինքնորոշման իրավունքը՝ ի հակադրություն տարածքային ամբողջականության իրավունքի, ինչպես մեկնաբանում է Ադրբեջանը, կամ ինչպես մեկնաբանում է Հայաստանը՝ ինքնորոշման իրավունքի, որը չի հակասում տարածքային ամբողջականությանը, այլ դրանից առանձին դիտվող իրավունք է»,- ասում է Նահապետյանը և հավելում, որ կոնֆլիկտը սրվեց այն ժամանակ, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂԻՄ-ը։

«Հայաստանը ԱՊՀ պայմանագրի տակ իր ստորագրությունն է դրել, և ԱԺ-ն վավերացրել է առանց վերապահումների, ընդ որում՝ վերապահումների իրավունք ունեցել է։ Եթե դուք նայեք ժամանակագրությունը, ապա դրանից հետո է, որ միջազգային հանրությունը սկսել է ճանաչել Ադրբեջանը՝ ԼՂԻՄ-ը ներառյալ»,- ասում է նա։

Միքայել Նահապետյանն առաջարկում է նայել Ղարաբաղյան հակամարտության ժամանակագրությանը. «1991-ի վերջում ստորագրվել է այդ պայմանագիրը։ Եթե նայեք Ղարաբաղյան համակամարտության խրոնոլոգիան, ապա կտեսնենք, որ 1992-ից ի վեր՝ Ադրբեջանը սկսել է շատ ավելի ծանր գործողություններ, որովհետև ճանաչվել է նրա՝ սեփական տարածքում անջատողականության դեմ պայքարելու իրավունքը»։

Վերադառնալով մեր օրեր՝ Նահապետյանը կարևորում է գործող իշխանության հայտարարությունները, որ կողմերի համար պետք է հստակեցում մտցվի.

«Կոնֆլիկտը չի կարող գնալ դեպի խաղաղություն, եթե հստակեցված չեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Էս դեպքում շատ եմ արժևորում Հայաստանի գործող կառավարության իրավունքների և պարտականությունների ձևակերպումները հստակեցնելու քաղաքականությունը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը հարց է բարձրացնում հետևյալ կերպ․ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է երեք հակամարտող կողմերին հաշտեցնելու մանդատով, ինչպե՞ս կարող էր այդ կառույցը դուրս գալ իր մանդատից, կողմերից մեկին [նկատի ունի Արցախը – Գ.Թ.] դուրս թողնել ու շարունակել մնալ որպես միջնորդ»։

Նահապետյանը պնդում է, որ այն, ինչի մասին խոսում է Հայաստանը, խաղաղության նախապայմաններն են, մինչդեռ Ադրբեջանը, ըստ նրա, առ այսօր որևէ թեզ չի հնչեցրել, որը կնպաստի խաղաղությանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել