Ռուսաստանը և Հայաստանը ռազմարդյունաբերական ֆորումին մի շարք պայմանագրեր են կնքել

Ռուսական բանակային «Զվեզդա» հեռուստաալիքը մերձմոսկովյան Կուբինկա քաղաքում հունիսի 25-ից 30-ը տեղի ունեցող Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովի ընթացքում զրուցել է Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի հետ։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ղեկավարը հայտարարել է ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման համար պայմանագրերի կնքման մասին։

Հայաստանի և Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունները Ռազմատեխնիկական միջազգային «Բանակ-2019» համաժողովին պայմանագրեր են ստորագրել և ծրագրում են ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասին մի քանի այլ գործարքներ կնքել։ Այս մասին «Զվեզդա»-ին պատմել է Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Տեխնիկական համագործակցությունը այժմ շատ դինամիկ է զարգանում, Ռուսաստանի հետ կնքել ենք և պատրաստվում ենք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման մասին նոր պայմանագրեր։ Եվ որպես ռազմաարդյունաբերական հանձնաժողով մենք էլ ենք զբաղվում այդ համագործակցության հենց ռազմարդյունաբերական ասպեկտով։ Մենք ունենք կապերի զարգացման մշակված ծրագիր Հայաստանի և Ռուսաստանի ձեռնարկությունների միջև, և արդեն այդ ուղղությամբ կան ձեռնարկված կոնկրետ քայլեր»,- հայտարարել է Քերոբյանը։

Նա պատմել է այն զինատեսակների մասին, որը Հայաստանը բերել է ֆորումին՝ «Պատրիոտ» այգի։ Քերոբյանի խոսքով՝ երկիրը ներկայացնող տաղավարում ներկայացված է Հայաստանի ռազմարդյունաբերող ընկերությունների մեկ քառորդը։

«Ներկայացված է ամենատարբեր սպեկտրի արտադրանք՝ զինվորական հանդերձանք (զինվորական համազգեստ, զրահապատ բաճկոններ և զինվորական կոշիկներ), հրաձիգ զենքեր, ռազմամթերք, ինչպես նաև լրիվ նոր տեխնիկա՝ ջերմադիտակներ, օպտիկա, լազերային և ռադիտեղորոշիչ սարքավորումներ», – նշել է Հայաստանի ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահը։

Քերոբյանը ընդգծել է, որ Հայաստանը ֆորումը դիտարկում է որպես արդյունավետ հարթակ, որտեղ հնարավոր է տարբեր երկրների հետ պայմանավորվել միջազգային համագործակցության մասին։

«Մենք «Բանակ» ֆորումը դիտարկում ենք որպես ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման արդյունավետ ճանապարհ ոչ միայն ՌԴ-ի հետ, այլև այս ֆորումի աշխատանքներին սովորաբար մասնակցող մնացած երկրների հետ։ Ծրագրում ենք ապագայում անպայման մասնակցել այս ֆորումին և «Բանակ» ձևաչափի հետագա զարգացման հույս ունենք»,- ասել է Ավետիք Քերոբյանը։

Ռազմատեխնիկական հինգերորդ միջազգային «Բանակ-2019» համաժողովը տեղի է ունենում հունիսի 25-ից 30-ը՝ «Պատրիոտ» այգում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» զորավարժարանում, ինչպես նաև ՌԴ Հյուսիսային նավատորմի ռազմական բոլոր շրջաններում։

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել