«Բոգո» մականունով Ռուբեն Կոստանյանը բերման է ենթարկվել

Հունիսի 28-ին ոստիկանություն է բերման ենթարկվել Նորագյուղի բնակիչ, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանը։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին փոխանցեցին ոստիկանության լրատվության վարչությունից՝ առանց մանրամասներ տրամադրելու։

Ռուբեն Կոստանյանը մի քանի անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նախորդ տարի հունիսին ոստիկանները խուզարկել էին մի քանի տասնյակ քրեական հեղինակությունների բնակարանները, այդ թվում՝ Կոստանյանինը։ 

Այս տարվա մարտի 7-ին այրվել էր Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան։ Ավտոկայանի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը սոցիալական ցանցում հրապարակել էր վառված մեքենայի տեսանյութն ու հայտարարել, որ իրենց ցանկանում են «վախեցնել և խոչընդոտել աշխատանքը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում»։ 

Օրեր անց Կոստանյանի անունը շոշափվեց Կենտրոնական ավտոկայանում արձանագրված յուրaցումների գործում։ Մարտի 11-ին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները զննություններ իրականացրին «Կենտրոնական» ավտոկայանում և Կոստանյանին պատկանող տարածքներում։ Աշոտ Մնացականյանը հայտարարում էր, որ տարիներ շարունակ ավտոկայանում հոսանքի կորուստ է եղել։ Նա նաև պնդում էր, թե Ռուբեն Կոստանյանը ավտոկայանում ունի երեք տարածք, որտեղ ապօրինի գործունեություն է ծավալել, ոստիկանները զննել էին հենց այդ սենյակները։ 

Մամուլի տեղեկության համաձայն՝ Ռուբեն Կոստանյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է:

Գևորգ Թոսունյան