Սահմանադրական դատարանը «աշխատում և աշխատելու է բնականոն հունով»

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել, որ աշխատում և աշխատելու է բնականոն հունով։ 

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել էր, թե Սահմանադրական դատարանում իր երդում տալուց հետո լինելու է երկու դատավոր, իսկ մյուսները ոչ թե դատավորներ են, այլ անդամներ։ 

Սահմանադրական դատարանի հայտարարությունում նշվում է, որ «այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում»։ Հայտարարությանը ստորագրել են ՍԴ բոլոր անդամները, բացի Վահե Գրիգորյանից։ 

Սահմանադրական դատարանի հայտարարությունում, որի տակ «ՍԴ անդամների» փոխարեն նշված է «ՍԴ դատավորներ», մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը.

1. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

2. Արված իրավական հարցադրումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ մասնավոր կարծիքները, Սահմանադրության յուրօրինակ մեկնաբանությունները Սահմանադրական դատարանի համար բնականաբար որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող:

3. Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորությունն է տալ Սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանություն` ընդ որում, դա կարող է արվել միայն կոնկրետ գործի շրջանակներում:

4. Հաշվի առնելով, որ արված իրավական հարցադրումները Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն կարող են դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա, մենք զերծ ենք մնում այդ հարցադրումների վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց:

5. Սահմանադրական դատարանը աշխատում և աշխատելու է իր բնականոն հունով՝ ենթարկվելով բացառապես Սահմանադրությանը և ապահովելով Սահմանադրության գերակայությունը»։

Հայատարարությունը ստորագրել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արմեն Դիլանյանը, Ֆելիքս Թոխյանը, Արաիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը»։

Գևորգ Թոսունյան